Դատարանում գործը քննվում է դռնբաց դատական նիստում:
Քրեական դատավարությանը մասնակցող անձանց մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության, վարույթի մասնակիցների կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության նպատակով դատարանը դատավարության մասնակիցների միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ գործը կամ դրա մի մասը կարող է քննել դռնփակ դատական նիստում: Դատարանը դռնփակ դատական նիստում քննություն իրականացնում է նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։
Եթե դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին կամ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ապա լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ:
Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու հարցը լուծվում է դռնփակ:
Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Դռնփակ դատական նիստում գործի քննությունն իրականացվում է ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ: Գործը կամ դրա մի մասը դռնփակ նիստում քննելու դեպքում դատական նիստին իրավունք ունեն ներկա լինելու դատական նիստերի քարտուղարը, դատական կարգադրիչները, դատավարության մասնակիցները, իսկ անհրաժեշտության դեպքում` ընթերական, թարգմանիչը, մասնագետը, փորձագետը և վկան: Նշված անձինք դատարանի կողմից ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնի տեղեկությունները հրապարակելու և սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
Գործը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու դեպքում հրապարակվում է դատական ակտի եզրափակիչ մասը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք։ Դատական ակտի` օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող մասերը, ինչպես նաև այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննություն անցկացնելու համար, հրապարակվում են դռնփակ նիստում:
Գործը կամ դրա մի մասը դատարանի որոշմամբ դռնփակ նիստում քննելու դեպքում տվյալ գործի հետագա քննությունն այլ դատական ատյաններում կատարվում է դռնփակ:
Վերը նշված փոփոխությունները ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը՝ 2018թ. ապրիլի 9-ին: