Ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսները գանձվում են մինչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օրը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը կազմում է տարեկան 12%: Նշված տոկոսադրույքը սահմանվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 09.11.2010թ. թիվ 283-Ն որոշմամբ:

Վերը նշված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պայմանագրով նախատեսված տոկոսի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:

Եթե պարտատիրոջ դրամական միջոցների անօրինաչափ օգտագործմամբ նրան պատճառված վնասները գերազանցում են վերոնշյալ տոկոսների գումարը, նա իրավունք ունի պարտապանից պահանջել հատուցելու վնասները:

Ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսները գանձվում են մինչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օրը, եթե տոկոսների հաշվեգրման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել