Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է հայտարարել արձակուրդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում եմ, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել որոշ, հատկապես՝ աշխատող ծնողների կողմից, սակայն հավատացնում եմ, որ այն ընդունելիս առաջնորդվել ենք նախ եւ առաջ երեխայի լավագույն շահով, այնուհետեւ նաեւ մանկապարտեզների անձնակազմի իրավունքներն ապահովելու անհրաժեշտությամբ:
Այսպես, հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, եւ նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար: Ավելին, ծնողների խոսքերով, երեխաները հաճախ մանկապարտեզից տուն են վերադառնում ալերգիկ ցաներով կամ քրտնելու հետեւանքով առաջացած մաշկային երեւույթներով:
Անգամ ունեցել ենք անձնակազմերի անդամների ուշաթափության դեպքեր: Հավատացնում եմ, որ այս որոշումը կայացվել է մանկապարտեզների անձնակազմերի եւ ծնողկոմիտեների հետ ակտիվ քննարկումների արդյունքում: Ավելին, մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է ներկայացնել ցուցակ, թե մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից քանիսն են «դեմ» եւ քանիսն են «կողմ» որոշման կայացմանը. պարզվել է, որ հարցված 1194 ծնողից դեմ է արտահայտվել ընդամենը 25-ը կամ 2,1%-ը:
Հարգելի՛ ծնողներ, եւս մեկ անգամ հավատացնում եմ, որ այս պատասխանատու որոշումը կայացվել է հենց ձեր երեխաների իրավունքները պաշտպանելու համար:
Վերջում ավելացնեմ, որ եթե ձմռանը բացառիկ ցուրտ եղանակ չլինի, մանկապարտեզները հունվար-փետրվար ամիսներին չեն փակվի, ինչպես նախկինում»,-նշել է նա: