Սոցիալական պաշտպանության ոլորտի սերտ համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից. Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հունիսի 30-ին առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում էր։

Նախարարի գլխավորած պատվիրակության առաջին հանդիպումը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունում էր։ Արցախյան գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված երկուստեք ընդունելի տարբերակաները։

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը նախարար Մանե Թանդիլյանին և նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանին ներկայացրեց կարիքավորության գնահատման նոր «Արցախ» համակարգն ու դրա առանձնահատկությունները։

Քննարկումը շարունակվեց ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի աշխատասենյակում։ Կողմերը քննարկեցին Արցախում կենսաթոշակային համակարգի զարգացմանը, ինչպես  նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագերի արդյունավետությանն ու հասցեականությանն առնչվող խնդիրները։

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայկական երկու հանրապետությունների ընդհանուր քաղաքականության վարման սկզբունքի համատեքստում կարևորեց համաչափ զարգացման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՀՀ-ում սկսված բարեփոխումները իրականացվելու են նաև Արցախում։

«Մենք երկու երկրներում առկա համակարգերը նույնարկելու խնդիր ունենք։ Ոլորտային սերտ համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից, ուստի ապագայում մեր համագործակցությունը պետք է շարունակենք այդ մոտեցմամբ՝ մոտարկել օրենսդրական դաշտը՝ հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները»,- նշեց Մանե Թանդիլյանը։

Օրվա երկրորդ կեսին աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած պատվիրակությունը ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի ուղեկցությամբ այցելեց ԱՀ խորհրդրան: Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ ունեցած կարճատև առանձնազրույցից հետո Մանե Թանդիլյանը հանդիպումը շարունակեց ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

ԱԺ պատգամավորները, շնորհավորելով նորանշանակ նախարարին, ներկայացրին այս պահին մշտական հանձնաժողովում շրջանառվող օրինագծերը և դրանց առնչվող խնդիրները: Կողմերը քննարկեցին աշխատատեղերի ստեղծմանը, բազմազավակության խթանմանը և սոցիալական այլ հրատապ խնդիրներին առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվեց ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը բարեփոխելու, այն առավել կիրառելի դարձնելու հանգամանքը՝ ընդգծելով փոխգործակցության անհրաժեշտությունը:

«Մենք ոչ միայն պետք է համապատասախան օրենսդրական փաստաթղթեր հեղինակենք, այլև պետք է ապահովենք դրանց կիրարկման մատչելիությունը։ Հակառակ դեպքում հաճախ ստեղծում ենք քաղաքացու սոցիալական շահը պաշտպանող օրենք, սակայն դրանում առկա չափորոշիչներն ու ձևաչափերն այնքան են բարդացնում իրավունքի իրացումը, որ մեր օրենսդրական բարեփոխումն այդպես էլ հասցետիրոջը չի հասնում»,- նշեց Մանե Թանդիլյանը։

Ոլորտային հանդիպումներից հետո պատվիրակությանն ընդունեց ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը։ Կողմերը վերահաստատեցին Հայաստանի և Արցախի սոցիալական քաղաքականության համատեղ օրակարգն ու նախանշեցին զարգացման նոր ուղղություններ։ Մանե Թանդիլյանը կարևորեց, որ կողմերը չեն խուսափում բարձրաձայնել խնդիրների մասին և ուրախությամբ նշեց, որ հարցերի լուծման տեսլականը երկու երկրներում էլ նույնական է։

Օրվա վերջում պատվիրակությունը հանդիպեց նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։ Կողմերը պայմանավորվեցին ընթացիկ խնդիրների առավել արդյունավետ քննարկման նպատակով ստեղծել աշխատանքային միջգերատեսչական հանձնախումբ, ինչը հնարավորություն կտա հարցերին ավելի համակարգային ու բազմակողմանի լուծումներ առաջարկել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել