Առողջապահության նախարարությունը՝ զանգվածային թունավորման մասին

Շարունակվում են աշխատանքները Արմավիրի մարզում արձանագրված թունավորման առնչությամբ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հետազոտված հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են:

Հոսպիտալացված 88 հիվանդից 63-ն արդեն իսկ բուժվել է և լավացումով դուրս գրվել: Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 25 հիվանդ, որոնց վիճակը թեթև և միջին ծանրության է:

Ներկա վարկածով հաստատվում է, որ արձանագրված թունավորումը սննդային ծագման է:

Նշենք, որ Քննչական կոմիտեն տեղեացրել էր, որ արձանագրված զանգվածային թունավորումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Իսկ Սննդի անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ ծառայության Արմավիրի կենտրոնի աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

Իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, մասնագետները պարզել են, որ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին մատակարարել է 247 խոհարարական արտադրանք (հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ):

Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել