Ազգային ժողովի հատուկ նիստից հետո, որի ընթացքում ՀՀ նոր վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հարցերին պատասխանել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա խոսել է ՀՀԿ-ի՝ որպես ընդդիմություն առաջին քայլերի մասին և նշել.
«Որպես ընդդիմություն՝ ՀՀԿ-ն շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը: Չեմ ուզում հիմա պաթոսային գնահատականներ տալ: Մեր ուշադրության կենտրոնում է լինելու Արցախի և Հայաստանի անվտանգությունը, մեր ավանդական արժեքային համակարգի պահպանությունը, ավանդական հայկական ընտանիքը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և մեր քրիստոնեական արժեքների պահպանությունը: Բոլոր ծրագրերը, որոնք, ըստ մեզ, չեն բխի Հայաստանի և Արցախի շահերից , բնականաբար, մենք՝ որպես ընդդիմություն կլինենք դեմ: Մենք ինքնանպատակ «դեմ» կամ «կողմ» չենք լինելու: ՀՀԿ-ն անկախ Հայաստանի քաղաքական ամենահզոր հիմնասյուներից մեկն է: Մենք կառուցողական ընդդիմություն ենք լինելու»,-նշել է նա: