Ինչպես անցնող 112 տարիներին, աշխարհի հայ համայնքներում և Հայաստանում մենք մնում ենք հայրենի պետության կողքին. Պերճ Սեդրակյան

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձ է հղել միության ղեկավարությանը, շրջանակներին, կառույցներին:

«Հայաստանի քաղաքական ու սոցիալական իրադրությունն ամենօրյա ձևավորվող զարգացումներով դրսևորում է հայ ժողովրդի մտահոգությունները: Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ մի անհատ, կազմակերպություն կամ քաղաքական կուսակցություն, որքան էլ բարի տրամադրված լինեն նրանք, այս փուլում չպետք է փորձեն գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի կառավարության ու հայ ժողովրդի ներքին խնդիրների կարգավորման գործընթացում:

Մենք խորապես գիտակցում և հարգում ենք այս իրողությունը: Հիմնադրումից առ այսօր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հավատարիմ է մնացել աշխարհասփյուռ հայ ժողովրդին ծառայելու իր առաքելությանը, սատար կանգնելու հայրենիքին՝ անկախ տիրող վարչակարգերից:

Թե՛ 1918-ին, Առաջին Հանրապետության շրջանում, թե՛ խորհրդային կարգերի ժամանակ կամ բնական աղետներին ու ճգնաժամերին համընդդեմ, ինչպես նաև անկախության 26 տարիներին՝ իրարահաջորդ երեք նախագահների պաշտոնավարության ժամանակաշրջաններում, ՀԲԸՄ-ն գործել է իր առաքելության ու ազգանվեր գործունեության սատար եղող բոլոր իշխանությունների կողքին:

Ինչպես անցնող 112 տարիներին, աշխարհի հայ համայնքներում և Հայաստանում, հատկապես անկախ հանրապետության հռչակումից հետո, մենք մնում ենք հայրենի պետության կողքին, շարունակելով մեր ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող մեր ծրագրերի ու ազգանպաստ աշխատանքների վրա՝ ի շահ մեր ժողովրդի բարօրությանը:

Մինչ քաղաքական զարգացումներն ընթանում են իրենց արագ թափով, մեզ համար ակներև է հայրենի երիտասարդ սերնդի ցուցաբերած աննախադեպ հանձնառության ոգին ու վարակիչ խանդավառությունը:  Պատմական տարողություն ու ծավալ ունեցող նրանց կամքի արտահայտության խաղաղ ցույցերը, ի տես աշխարհին, հաստատեցին, որ հայ ժողովուրդը կառչած է մնում ժողովրդավարական իդեալներին: Լավատեսության այս ընդհանուր մթնոլորտը թելադրում է նաև լինել զգոն ու առաջնորդվել կառուցողական ոգով:

Մեզ համար քաջալերական է տեսնել, որ քաղաքական այս վերիվայրումների ընթացքում բոլոր կողմերը կիսում են այն համոզումը, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ, անկախ, ժողովրդավար ու համաժողովրդային պետականություն, որ իր քաղաքացիներին ապահովում է արդար ու տնտեսական բարգավաճման հնարավորություններ ընձեռող կյանքի պայմաններ: Հայաստանը կարիքն ունի ժողովրդի վստահությունը վայելող ուժեղ կառույցների: Դրանք են այն հիմքերը, որոնց վրա հնարավոր է կառուցել իրապես ժողովրդավար պետություն:

Մենք նաև պետք է գիտակցենք, որ մեր եկեղեցին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գերակայությամբ, կարևորագույն կառույցներից է, որ առանցքային դեր է կատարել հայ ազգի պատմության մեջ: Մենք վստահ ենք, որ եկեղեցին շարունակելու է ծառայել աշխարհացրիվ մեր ժողովրդին, մասնավորապես, նրա կյանքի ճակատագրական պահերին:

Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել դեպքերի զարգացումներին, միևնույն ժամանակ առաջ տանել մեր ազգանվեր գործունեությունը տարբեր համայնքներում, ըստ կարիքների: Ինչպես միշտ, ես իմ բարձր գնահատանքն եմ հայտնում ձեր բոլորին, համայն ազգի բարօրությանը ձեր ցուցաբերած նվիրյալ աշխատանքի համար»,- ասված է ուղերձում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել