ԲԴԽ-ի գերագույն խնդիրն է՝ ապահովել դատավորի լիարժեք անկախությունը և դրա օգնությամբ արդարադատության անկախությունը․ Գագիկ Հարությունյան

Այսօր՝ ապրիլի 27-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ծրագրի ղեկավար Նարինե Գասպարյանին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. գործողությունների ծրագրի մեկնարկը, և մանրամասն ներկայացրել է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող ծրագրերը,  ուղենշել առաջնահերթությունները, ներկայացրել առաջարկություններ:

Ինչպես իր խոսքում նշել է Գագիկ Հարությունյանը. «Խորհրդի գերագույն խնդիրն է՝ ապահովել դատավորի լիարժեք անկախությունը և դրա օգնությամբ արդարադատության անկախությունը»: Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հյուրերին ներկայացրել է որդեգրված այն սկզբունքները, որոնք ապահովելու են Խորհրդի արդյունավետ գործունեությունը:

«Աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 3-4 մակարդակի ուսումնասիրություն: Առաջինը՝ օբյեկտիվ գնահատել-ախտորոշել առկա վիճակը, երկրորդ՝ հստակ ուսումնասիրել միջազգային պրակտիկան, երրորդ՝ որոշակիացնել, մեզ համար պարզել միջազգային իրավական մոտեցումները և միաժամանակ՝ կարողանալ հաղորդակից լինել եվրոպական դատական խորհուրդների ամփոփումներին և մոտեցումներին»,-ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Գագիկ Հարությունյանը նշել է, որ Բարձրագույն դատական խորհրդի ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված մի շարք լիազորությունների իրականացման ընթացքում անհրաժեշտություն կառաջանա միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների վերաբերյալ խորհրդատվական բնույթի ծառայություններ և լիահույս է, որ Եվրոպական խորհրդից կստացվի հնարավոր աջակցությունը:

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանն իր հերթին նշել է, որ Եվրոպայի խորհուրդը հնարավորինս կփորձի աջակցել Բարձրագույն դատական խորհրդին՝ այդ կարևոր և պատասխանատու առաքելությունն իրականացնելու համար:

 «Շատ կարևոր խնդիրներ են բարձրացվում, որոնք միշտ եղել են մեր ծրագրերի ուշադրության կենտրոնում: Պետք է գծել մեր համագործակցության եզրերը՝ նկատի ունենալով նաև մեր ռեսուրսները, ծրագրի ժամկետները և հնարավորությունները»,-ասել է Լիլիթ Դանեղյանը:

Հյուրերը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին են հանձնել բոլոր դատարաններից օգտվողների շրջանում կատարված ուսումնասիրության և ըստ այդ տվյալների իրականացված վերլուծության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի պատրաստած ձեռնարկը:

Հանդիպումն անցել է կառուցողական և փոխգործակցության մթնոլորտում և կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել