«Մայիսի 28-ին կնշվի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակը: Այդ կապակցությամբ կուզենայի շնորհավորել ադրբեջանական ժողովրդին: 2018 թվականին կանցկացվեն Կովկասի իսլամական բանակի հիշատակի միջոցառումներ»: Այս մասին Ադրբեջանի նախագահի հետ անցկացված հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Էրդողանն ընդգծել է, որ Իլհամ Ալիևը առաջիններից էր, ով հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ աջակցեց Թուրքիային: «Ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը մեզ աջակցեցին նաև «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ժամանակ: Մենք էլ մեր հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում ենք որպես սեփական խնդիր: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք մտադիր ենք խորացնել համագործակցությունը ռազմական և պաշտպանական ոլորտներում: Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստի շրջանակներում ստորագրվելու են մի շարք կարևոր փաստաթղթեր»: