ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատիկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի:
ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ այդ նպատակով ՏՄՊՊՀ աշխատանքյաին խումբը պարբերաբար դիտանցումներ է իրականացնում Երեւանի մանրածախ խոշոր վաճառակետերում, բացի այդ, Հանձնաժողովը համապատասխան տեղեկատվություն է պահանջել նաեւ տնտեսվարողներից՝ արտադրման, ներկրման եւ իրացման ծավալների, ինչպես նաեւ գնագոյացման վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ տարվա ընթացքում Ամանորյա եւ Զատիկի տոներին ընդառաջ ձվի պահանջարկը էականորեն ավելանում է, ուստի Հանձնաժողովը ուժեղացնում է վերահսկողությունը, որպեսզի թույլ չտրվեն չհիմնավորված գնային փոփոխություններ, ինչը կարող է վնաս պատճառել մի կողմից սպառողների, իսկ մյուս կողմից՝ բարեխիղճ տնտեսվարողների շահերին:
Տեղեկացնենք նաեւ, որ սեզոնայնությամբ պայմանավորված, ինչպես նաեւ պահանջարկի նվազմանը զուգահեռ, ամառվա ամիսներին այս ապրանքատեսակի գները նվազում են իսկ հետագա ամիսներին՝ վերադառնում նախկին մակարդակներին:
Քանի որ, սովորաբար տոնական օրերին ընդառաջ, մտահոգություններ են հնչում ձվի շուկայի դեֆիցիտի վերաբերյալ, ապա այս առնչությամբ տեղեկացնենք, որ Հանձնաժողովի մոտ առկա տվյալները, ինչպես նաեւ տնտեսվարողներից ստացված ցուցանիշները փաստում են, որ ընկերությունները ունեն բավարար պաշարներ ձվի պահանջարկը բավարարելու համար:
Բացի այդ, մի շարք ընկերություններ կարճաժամկետ պահանջարկի ավելացումը բավարարելու համար անհրաժեշտության դեպքում իրականացնում են նաեւ ներմուծումներ, ինչը հնարավորություն է տալիս նաեւ խուսափել խնդիրներից:
Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ ձվի մանրածախ գները հիմնականում կայուն են, իսկ որոշ տեսակների գծով գնային նվազեցումներ կան: Մասնավորապես, եթե 2018 թվականի հունվարին մանրածախ գները կազմել են 60-65 դրամ, ապա ներկայումս այն կազմում է շուրջ 50 դրամ:
Ինչ վերաբերում է 2017 թվականի հետ համեմատությանը, ապա նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին ձվի մանրածախ վաճառքի գները կազմել են 60-70 դրամ՝ ներկայիս 50 դրամի փոխարեն:
Անդրադառնալով շուկայում խոշոր ընկերությունների գործունեությանը, նշենք, որ ըստ Հանձնաժողովի վերջին տվյալների, շուկայում գործում են շուրջ 20 տեղական արտադրողներ եւ ներմուծողներ: Այդ ընկերություններից խոշորներն են «Լուսակերտի թռչնաֆաբրիկա», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնի թռչնաֆաբրիկա» ընկերությունները: