Թույլատրվու՞մ է արդյոք պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա բռնագանձում տարածել

2017թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնց համաձայն՝պարտապանին պատկանող միակ բնակարանը, որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, համարվում է բռնագանձման ոչ ենթակա գույք, ուստի այն չի կարող իրացվել պարտապանի պարտավորությունների համար:

Իսկ եթե միակ բնակարանն իրացվի Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը կվերադարձվի պարտապանին:

Այս կանոնները չեն գործելու այն դեպքերում, երբ.

– բնակարանը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար,

– բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործությանպատճառված վնասների հատուցման պահանջները:

Նշված օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2017թ. հուլիսի 13-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը, այն է՝ 4.900.000 ՀՀ դրամ:

Քաղաքացի-պարտապանի բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է նշված որոշման 1-ին մասով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:

Նշված փոփոխությունը տարածվում է օրենքի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա: Այսինքն՝ մինչև 01․03․2017թ․ հարուցված կատարողական վարույթներով պարտապանին պատկանող միակ բնակարանը համարվում է բռնագանձման ենթակա գույք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել