Կեղծ դիպլոմ ձեռբերելու մասով առաջադրված մեղադրանքը դատախազն անհրաժեշտ համարեց փոխել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քննվում է Շուշան Հովհաննիսյանի կողմից կեղծ դիպլոմի ձեռբերման մեղադրանքով գործը։

Հիշեցնենք, որ Շուշան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ազգականի միջոցով Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանից ենթադրյալ 600.000 դրամի դիմաց ձեռք է բերել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ, որը 2015 թվականին վերահաստատման նպատակով ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց Շուշան Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու որոշումը:
Նա իր խոսքում նշեց, որ Շուշան Հովհաննիսյանն իր ազգական Թամարա Գևորգյանի միջոցով Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռաֆիկ Մխիթարյանից  600.000 ՀՀ դրամի դիմաց ձեռք է բերել կեղծ դիպլոմ, որը 2015 թվականի սեպտեմբերի 28-ին  օգտագործելով վերահաստատման նպատակով ներկայացվել է   Տնտեսագիտական համալսարան: 2016 թվականի նոյեմբերի 18-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Գործի դատաքննության ընթացքում Ռաֆիկ Մխիթարյանի և Թամարա Գևորգյանի տված ցուցմունքներով դատարանը հիմնավորել է այն փաստական հանգամանքը, որ Շուշան Հովհաննիսյանը 2008 թվականին դիմել է Թամարա Գևորգյանին բարձրագույն կրթություն ստանալու վերաբերյալ կեղծ դիպլոմ ձեռքբերելու հարցում օգնելու խնդրանքով: Վերջինս իր հերթին այդ հարցով դիմել է Ռաֆիկ Մխիթարյանին, որն էլ  Թամարա Գևորգյանի միջոցով Շուշան Հովհաննիսյանից պահանջել և ստացել է 600.000 ՀՀ դրամ գումար, ինչի դիմաց անձամբ պատրաստել է գործով իրեղեն ապացույց ճանաչված Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կեղծ դիպլոմ:

Դատախազն իր խոսքում նշեց նաև, որ դատաքննությամբ հետազոտվել է նաև Շուշան Հովհաննիսյանի կողմից  2015 թվականի սեպտեմբերի 28-ին  Տնտեսագիտական համալսարանի ռեկտորին հասցեագրված դիմումը, որի համաձայն նա խնդրել է վերահաստատել դիպլոմը: Ասաց, որ այդ դիպլոմը վերահաստատելու անհրաժեշտություն է առաջացել միայն այն ժամանակ, երբ Շուշան Հովհաննիսյանը պատրաստվում էր մեկնել Կանադա, որը մինչ այդ չի գործածվել:

Հենց այդ ժամանակ էլ, երբ Շուշան Հովհաննիսյանը համոզված է եղել, որ դիպլոմը կեղծ չէ, Թամարա Գևորգյանի հետ այցելել է Տնտեսագիտական համալսարան և համեմատության համար իրեն ցույց են տվել իրական դիպլոմը, որտեղ էլ հասկացել է, որ իր դիպլոմը կեղծ է, քանի որ ակնհայտ է եղել տարբերությունը:
Դատախազը նշեց, որ Շուշան Հովհաննիսյանն իր տված ցուցմունքում նշել է, որ այդ դիպլոմը ձեռբերելուց հետո Երևանի պետական Տնտեսագիտական ինստիտուտը վերանվանվել է Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանի, ուստի դիպլոմը վերահաստատելու նպատակներց մեկը նաև եղել է նոր անվամբ փաստաթուղթ ստանալը, որպեսզի հետագայում այն հնարավորություն ունենա գործածել:

Մեղադրող Արամ Արամյանը դատարանին հայտնեց, որ Շուշան Հովհաննիսյանի տված ցուցմունքերը նախաքննության և դատաքննության փուլում իրար հակասել են:

«Այսպիսով, դատական քննության ընթացքում ներկայացված վերը նշված ապացույցների հիման վրա անհրաժեշտ է փոխել Շուշան Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը, – ասաց դատախազը, այդուհետև շարունակեց,- Շուշան Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքը փոխել և նրա նկատմամբ առաջադրել քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով այն արարքի համար, որ նա  2008 թվականին իր ազգական Թամարա Գևորգյանի միջոցով 600.000 ՀՀ դրամի դիմաց Ռաֆիկ Մխիթարյանից ձեռք է բերել Երևանի պետական Տնտեսագիտական ինստիտուտի կեղծ դիպլոմը, որը ներկայացրել է «Root TSI» ՍՊԸ-ի կադրերի բաժին՝ իր անձնական գործին կցելու համար: Այնուհետև, Շուշան Հովհաննիսյանը նպատակադրվել է տվյալ  կեղծ դիպլոմը գործածել արտերկրում»:

Որոշման հրապարակումից հետո դատախազ Արամյանը մեկական օրինակ տրամադրեց մեկը դատարանին, մյուսը՝  պաշտպանական կողմին:

Գործով պաշտպան Արա Զաքարյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց 3 օր տրամադրել այդ որոշումն ուսումնասիրելու համար, սակայն դատարանը մերժեց այն պատճառաբանելով, որ դատարանը խիստ ծանրաբեռնված է, որի համար հաջորդ դատական նիստը  նշանակվեց մեկ ամիս հետո:

Մեզ հետ զրույցում պաշտպան Արա Զաքարյանը չցանկացավ առայժմ ոչինչ հայտնել կապված առաջադրված մեղադրանքի փոփոխության հետ, և դա բացատրեց նրանով, որ այդ որոշմումն իր կողմից դեռ պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի:

Գործի մասին կարդացեք նաև այստեղ։ 

Լուսանկարում՝ Շուշան Հովհաննիսյանն է

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել