Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է հրապարակել, որով սահմանվում է կառավարության նոր կառուցվածքը և գորածռույթները:
Կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:
2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվեն հետևյալ նախարարությունները՝
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.
2) առողջապահության նախարարությունը.
3) արդարադատության նախարարությունը.
4) արտակարգ իրավիճակների նախարարությունը.
5) արտաքին գործերի նախարարությունը.
6) բնապահպանության նախարարությունը.
7) գյուղատնտեսության նախարարությունը.
8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը.
9) կրթության և գիտության նախարարությունը.
10) մշակույթի նախարարությունը.
11) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը.
12) պաշտպանության նախարարությունը.
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.
14) սփյուռքի նախարարությունը.
15) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը.
16) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը.
17) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.
18) ֆինանսների նախարարությունը:
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:
Վարչապետի գրավոր առաջարկությանը կից Հանրապետության նախագահին ներկայացվում են նաև՝
1) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Կառավարության անդամ նշանակվելու համաձայնության մասին.
2) տեղեկանք՝ թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը.
4) թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
5) համառոտ կենսագրությունը.
6) Կառավարության անդամ նշանակելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:
Փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվելուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում առաջարկված թեկնածուին Կառավարության անդամ նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան:
Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկված թեկնածուն համապատասխանում է Կառավարության անդամի համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում Կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ:
Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:
Կառավարության անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրամանագրի հրապարակման պահից: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում պաշտոնից չի ազատում վարչապետի կողմից առաջարկված Կառավարության անդամին, ապա համապատասխան փոխվարչապետի կամ նախարարի լիազորությունները դադարեցված են համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
Վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել հետևյալ դեպքերում՝
- նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
- նա խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները:
Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝
- վարչապետը մահացել է.
- վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
- վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին չի առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին՝ առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:
Նշենք նաև, որ Հայաստանի խորհրդարանը նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին՝ մայիսի սկզբին: