Կառավարության կազմի վերաբերյալ օրինագիծը հրապարակվեց

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է հրապարակել, որով սահմանվում է կառավարության նոր կառուցվածքը և գորածռույթները:

Կառավարությունը կազմված կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:

2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվեն  հետևյալ նախարարությունները՝

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

2) առողջապահության նախարարությունը.

3) արդարադատության նախարարությունը.

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը.

5) արտաքին գործերի նախարարությունը.

6) բնապահպանության նախարարությունը.

7) գյուղատնտեսության նախարարությունը.

8) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը.

9) կրթության և գիտության նախարարությունը.

10) մշակույթի նախարարությունը.

11) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը.

12) պաշտպանության նախարարությունը.

13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը.

14) սփյուռքի նախարարությունը.

15) տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը.

16) տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը.

17) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը.

18) ֆինանսների նախարարությունը:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին է ներկայացնում առաջին փոխվարչապետի, փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որտեղ առաջարկվում է նշանակել նրան:

Վարչապետի գրավոր առաջարկությանը կից Հանրապետության նախագահին ներկայացվում են նաև՝

1) թեկնածուի գրավոր հայտարարությունը՝ Կառավարության անդամ նշանակվելու համաձայնության մասին.

2) տեղեկանք՝ թեկնածուի` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

3) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը.

4) թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

5) համառոտ կենսագրությունը.

6) Կառավարության անդամ նշանակելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

Փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվելուց հետո Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում առաջարկված թեկնածուին Կառավարության անդամ նշանակելու վերաբերյալ կամ դիմում է Սահմանադրական դատարան:

Եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ առաջարկված թեկնածուն համապատասխանում է Կառավարության անդամի համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջներին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում Կառավարության անդամին նշանակելու վերաբերյալ:

Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:

Կառավարության անդամին պաշտոնից ազատելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրամանագրի հրապարակման պահից: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում պաշտոնից չի ազատում վարչապետի կողմից առաջարկված Կառավարության անդամին, ապա համապատասխան փոխվարչապետի կամ նախարարի լիազորությունները դադարեցված են համարվում իրավունքի ուժով, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունը ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

Վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել հետևյալ դեպքերում՝

  • նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
  • նա խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները:

Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝

  • վարչապետը մահացել է.
  • վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
  • վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Եթե վարչապետն իր նշանակումից հետո հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին չի առաջարկում փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին՝ առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել:

Նշենք նաև, որ Հայաստանի խորհրդարանը նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին՝ մայիսի սկզբին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել