Հունվարի 23-ին խորհրդարանական լսումներ կանցկացվեն՝ առանձին ապրանքատեսակների գնաճի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովի անդրանիկ նիստի ընթաացքում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հաշվի առնելով քաղաքական շրջանակներում առանձին ապրանքատեսակների գնաճի վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև ՀՀ նախագահի առաջարկությունները, իմ նախձեռնությամբ հունվարի 23-ին ժամը 11-ին հրավիրվում են խորհրդարանական լսումներ»,-նշեց Արա Բաբլոյանը:
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ ու նշեց, որ երբ սեղմված գազի ակցիզային հարկը 8000 դրամից դարձավ 25 հազար դրամ՝ արդեն պարզ էր, որ թանկացումները ունենալու են շղթայական էֆեկտ:
«Երբ բենզինի ակցիզային հարկը 25 հազարից 40 հազար դրամ դարձավ և երբ դիզվառելիքի գնի աճ էր նախատեսվում՝ արդեն պարզ էր, որ դոմինոյի էֆեկտը անխուսափելի է: Ես կարծում եմ, որ այս լսումները անիմաստ է կազմակերպել: Պետք է հրատապ Հարկային օրենսգիրքը մտցնել խորհրդարան և համապատասխան փոփոխություններ կատարել»,-նշեց Էդմոն Մարուքյանը:
Նույն խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց գնաճի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը. «Կարագը թանկացել է 41 տոկոսով, խոզի միսը 38 տոկոսով, լոլիկը 31 տոկոսով, գառան միսը 28 տոկոսով, կարտոֆիլը 28 տոկոսով, ձուկը 23 տոկոսով, դիզելային վառելիքը 18 տոկոսով, բենզինը 18 տոկոսով և այլն: Հունավրի 1-ից, Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո գնաճը նոր թափ է ստացել»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առանց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու գների նվազեցման ուղղությամբ էական փոփոխություններ չեն գրանցվի:
«Հիշեք, որ այս տարի նաև պարտադիր կուտակային կենսաթոշակն է ուժի մեջ մտնելու, որը ավելի մեծ տեմպ է տալու գնաճին»,-նշեց նա: