Փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպե՞ս է նշում ամանորյա տոները, ի՞նչ ակնկալիքներ ունի 2018 թվականից, և թե ի՞նչ է խնդրել Ձմեռ պապիկից:
–Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
-Փորձում եմ ամեն տարի ունեցածը դիտարկել դրական լույսի ներքո: Կարծում եմ դրականը ավելի շատ է եղել, քան բացասականը: Եթե հարցնեք, ինչ բացասական բաներ են եղել, չեմ կարողանա հիշել: Փորձում եմ բացասականը հեռացնել մեջիցս, միևնույն է, արդեն անցած է, և ոչինչ փոխել չեմ կարող: Դրականը իմ շփումն է տարբեր մարդկանց հետ: Բոլորը ունեն իրենց առանձնահատկությունները, հետաքրքրությունները, և եթե կարողանում ես նկատել մարդու դրական կողմերը, կյանքն ավելի հետաքրքիր և թեթև է դառնում:
Ձեռքբերումներս նոր ծանոթություններն են ու ընկերները: Աշխատանքային հաջողությունները շարունակական են և դրանք չե ուզում որպես ձեռբերում դիտել:
–Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
-Կոնկրետ անուն չեմ տա, բայց ականատես եմ եղել դատական ակտերի, որոնք կայացնող դատավորները միայն գովասանքի են արժանի: Կարծում եմ այս տարվա ամենապրոֆեսիոնալ մասնագետը իրեն անկախ զգացող և արդարադատությունը իրականացնող դատավորն է, որը ցավոք շատ հազվադեպ է մեզանում ներկայումս հանդիպում:
–Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի, դատական կամ իրավական ակտեր) :
-Այս տարի դատական զավեշտալի դեպքերի մասով Ձեզ հետ կիսվելու բան չունեմ, իսկ հորինել չեմ ուզում:)
–Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
-Ինձ զարմացրեցին իրավաբան ուսանողները, ովքեր սիրում են իրավաբանությունը և վստահաբար դառնալու են արժանի մասնագետներ:
–Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Հուսով եմ Ձմեռ պապը իրավաբան չի լինի, գոնե մեկը մեր կյանքում թող հեռու լինի իրավաբանությունից:
– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Ամանորի գիշերը նշում եմ ընտանիքիս հետ: Հաջորդ օրը փորձում եմ փախչել հայկական ավանդական բուդակերությունից և փախչում եմ հեռու-հեռու, օվկիանոսից այն կողմ:
–Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Ոչ, ինձ վրա է պատրաստվածը համտեսելու բարձր պարտականությունը:
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:
Աշխատում եմ ակնկալիքներ չունենալ, որ հետո չտխրեմ դրանց չիրականացումից:
–Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
-Իսկ Ձմեռ պապիկ կա՞: