Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը:
-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
-Տարին հատկապես առանձնացավ գերծանրաբեռնված աշխատանքով, նույնիսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատական գործերով մշտապես ծանրաբեռնված լինելու պայմաններում, որի պարագայում աշխատանքում ձեռքբերումների մասին խոսելը տեղին չէ, թերևս, միակ ձեռքբերումը՝ աշխատանքային փորձի կուտակումն էր և նշված իրավիճակից պատվով դուրս գալը: Բացթողումներ կարծես թե չկան, թեև չի բացառվում, որ դրանք իրենց զգացնել տան հետագայում:
-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
-Տարվա ընթացքում պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած կոնկրետ անձի, այդ թվում՝ դատավորի, դժվարանում եմ առանձնացնել, կարծում եմ, որ յուրաքանչյուր դատավոր ամենօրյա աշխատանք է տանում իր գործում մասնագիտանալու ուղղությամբ, ինչը նկատելի է տարաբնույթ դատական ակտերի ծանոթանալիս:
-Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի, դատական կամ իրավական ակտեր):
-Վարույթումս քննվում է զավեշտալի դատական գործ, որով նոր դատաքննության շրջանակներում նախաքննական երեք հատորից բաղկացած քրեական գործում առկա փաստաթղթերի և փորձագիտական եզրակացությունների հետազոտությունը շարունակվել է մոտ 2 տարի, ամբաստանյալը տվյալ քրեական գործի դատական քննության ընթացքում փոխել է շուրջ 11-12 պաշտպան/վճարովի կամ հանրային/, ամբաստանյալի պաշտպանական ճառը բաղկացած է մոտ 325 թերթից, ճառը ներկայացվել է դատական 7 նիստերի ընթացքում, սակայն դեռևս ներկայացվել է ճառի 245 թերթը:
-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց Ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
-Այս տարի հաճելիորեն զարմացրեց ՀՀ Ազգային ժողով ներկայացված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որն ի վերջո անդրադառնում է Երևան քաղաքի դատարանների դատավորների միջև գործերի ոչ համաչափ բաշխման խնդրին։ Խնդիր, որը, բացի գործերով գերծանրաբեռնված դատավորներից, տարիներ շարունակ որևէ մեկի չէր հետաքրքրում:
-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, կարծում եմ, որ նրա իրավական գիտելիքները և որակները շատ արդյունավետորեն կարելի էր օգտագործել օրենսդրական նախաձեռնություն ցուցաբերելու գործառույթն իրականացնելիս, խոսքը՝ արդարադատության նախարարի պաշտոնի մասին է:
-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Ամանորի և Սուրբ ծննդյան տոնը մշտապես նշում ենք ընտանիքի անդամներով՝ ծնողներ, զավակներ և թոռներ, հայրական տանը, հաճախակի՝ տնից դուրս, այդ թվում՝ բարեկամական կամ ընկերական կապերի մեջ գտնվող անձանց և նրանց ընտանիքի անդամների հետ համատեղ: Ավելի հաճելի է հյուրեր ընդունելը, քան հյուր գնալը: Այս տարի «նշելու ենք», բնականաբար, հայրական տանը՝ մերձավոր ազգականներով:
-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
– Խոհանոցից հեռու եմ, թեև տղամարդու կողմից լավ ուտեստներ պատրաստելու ունակությունը համարում եմ մեծ շնորհք:
-Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:
-Ցանկանում եմ, որ 2018 թվականը լինի խաղաղ և առանց կորուստների տարի, թե՛ սահմանին, թե՛ յուրաքանչյուրիս ընտանիքում, առողջության և բարեկեցության տարի՝ ողջ հայ ազգի համար: Ինչ վերաբերում է դատավորներին, ցանկանում եմ, որ ունենանք բավարար ժամանակ յուրաքանչյուր գործին բծախնդրորեն մոտենալու, կայացվելիք դատական ակտերն առավել լավ հիմնավորելու և պատճառաբանելու համար:
-Դուք, Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
-Երեխաներս՝ 15-ամյա դուստրս և 11-ամյա որդիս, բավականին մեծ են Ձմեռ պապից նվերներ ակնկալելու համար, նրանց հայտնի է իրական «Ձմեռ պապը», ցանկացել և արդեն ստացել են իրենց տարիքին և ակնկալիքներին համապատասխան նվերները՝ հագուստ և խաղեր: Ես Ձմեռ պապին կխնդրեի, որ ընտանիքիս անդամները լինեն առողջ և անփորձանք, իսկ ինձ տար բավարար ժամանակ՝ նրանց նվիրելու, երեխաներիս օր օրի ավելացող խնդիրներով զբաղվելու համար: