ՔԿՀ-ներում մեր նկատմամբ կիրառվում կամ գործադրվում են օրենքից դուրս և կամայական սահմանափակումներ. փաստաբան

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ներքոստորոգրյալ փաստաբաններս (պաշտպաններս) հայտարարում ենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ քրեակատարողական հիմնարկներում մեր նկատմամբ կիրառվում կամ գործադրվում են օրենքից դուրս և կամայական սահմանափակումներ, ստեղծվում ոչ իրավաչափ և արհեստական խոչընդոտներ, ինչը հնարավորություն չի տալիս պատշաճ կարգով իրականացնել մեր մասնագիտական գործունեությունը:

Նշվածը հատկապես ցայտուն արտահայտվում է ՀՀ ԱՆ “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում, որտեղ կիրառվում են հնարավոր բոլոր միջոցները՝ մեր պաշտպանյալների հետ առանձնազրույցները խոչընդոտելու համար: Քրեակատարողական հիմնարկում առանց որևէ օրինական հիմնավորման կամ պատճառաբանման պաշտպանին ցանկանում են ենթակել անձնական խուզարկության (ցանկանում են ստուգել անգամ փաստաբանի դրամապանակը, գրպանները), ապօրինի խուզարկության չենթարկվելու դեպքում արգելում են պաշտպանյալի հետ առանձնազրույց ունենալ, տվյալ քրեական գործին կամ պաշտպանի աշխատանքներին վերաբերող որոշակի նյութեր կրելը և այլն:

Նշված սահմանափակումներն անօրինական են, և հաշվի առնելով, որ դրանք կրում են պարբերական ու շարունակական բնույթ, ապա պաշտպանների աշխատանքի խոչընդոտումը հստակ նպատակ է հետապնդում՝ հնարավոր բոլոր միջոցներով խանգարել պաշտպանության արդյունավետ իրականացմանը:
Գտնում ենք, որ ՔԿՀ-ներում, մասնավորապես “Դատապարտյալների հիվանդանոց” ՔԿՀ-ում, փաստաբանների (պաշտպանների) նկատմամբ ցուցաբերվող ապօրինի սահմանափակումներ կիրառելու ձևավորված արատավոր պրակտիկան պետք է իսպառ վերացնել, բացառել փաստաբանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտումը:

Հուսով ենք՝ պատկան մարմինները պատշաճ կարգով, պահպանելով բոլոր իրավական ընթացակարգերը, քննության առարկա կդարձնեն վերը ներկայացված փաստերը և սեղմ ժամկետներում առարկայական լուծումներ կտան խնդրին: Մասնավորապես սույն հայտարարությունը որպես հանցագործության մասին հաղորդում կընդունեն, և ՀՀ քրեական օրենսգրքի 332.3, 309 հոդվածների հատկանիշներով կհարուցվի քրեական գործ, կիրականացվի նախաքննություն, որի շրջանակում կհարցաքննեն նաև հայտարարության հեղինակ փաստաբաններիս:

Մոնիկա Մարգարյան
Մուշեղ Շուշանյան
Ինեսսա Պետրոսյան
Արայիկ Պապիկյան »:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել