Եվրոպական օրենքների 90 տոկոսը բխում է Աստվածաշնչից և քրիստոնեական արժեքներից. Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների և հրատարակչական բաժնի տնօրեն Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: «Եկեղեցին և իրավունքը» հատուկ նախագծի շրջանակներում մեր զրուցակիցը ներկայացնում է ներկայիս օրենսդրության ակունքները, կանոնագրքերի և դատաստանագրքերի նշանակությունը:
–Հայր սուրբ, խնդրում եմ ներկայացնել հայ միջնադարյան իրավունքի աղբյուրները, որոնք նաև հիմք են եղել մերօրյա օրենսդրության, Սահմանադրության համար:
-Ընդհանրապես հայ միջնադարյան մատենագրության մեջ հայ կանոնական իրավունքի կամ եկեղեցական իրավունքի սկզբնաղբյուրը համարվում է «Կանոնագիրք հայոց»-ը: Կանոնը հունարեն բառ է, որը նշանակում է՝ ուղիղ, և որը որևէ զարտուղիություն չի հանդուրժում: Ինչպես խորագիրն է հուշում, այն կանոների ժողովածու է, այստեղ ժողովված են մոտ հազարի չափ կանոններ, որոնք ընդունվել են տարբեր ժամանակահատվածներում: «Կանոնագիրք հայոց»-ում ընդգրկված են ժողովների արդյունքում ամփոփված կանոններ:
Կանոնը բարոյական նորմերի և քրիստոնյայի` աշխարհի, հասարակության, եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորող մի բանաձև, իրավական ակտ է: Եվ, իհարկե, այս իմաստով է, որ հետագայում հայ միջնադարյան իրավունքը կամ միջնադարյան հայ եկեղեցական իրավունքը զարգացել է:
Անհրաժեշտ է շեշտել, որ բոլոր միջնադարյան կանոնական ակտերի, դատաստանագրքերի հիմքը «Կանոնագիրք հայոց»-ն է:
Միջնադարյան հասարակության մեջ, երբ առաջանում էր անհրաժեշտություն ներկայացնելու հայ ժողովրդի օրենքը, քանի որ այլևս չկար պետություն, բնականաբար, այլազգի տիրակալների մոտ հայ ժողովուրդը պետք է ունենար սոցիալական, ընտանեկան, հասարակական հարաբերությունները կարգավորող իր նորմատիվ, կանոնական ժողովածուն: Եվ այս պարագայում էր, որ առաջանում են տարբեր դատաստանագրքեր:
Առաջին դատաստանագրքերից մեկն ի հայտ է գալիս Կիլիկյան Հայաստանում Սմբատ Գունդստաբլի կողմից: Երկրորդ կարևոր դատաստանագիրքը գրվում է Ներսես Լամբրոնացու կողմից, որը թարգմանություն է տարբեր ժամանակաշրջաններում հռոմեաբյուզանդական և ասորական տարբեր դատաստանագրքերից: Երրորդ ամենանշանավորը, որը հետագայում շատ լայն տարածում է գտնում, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքն» է, որը մեզ հասել է երկու խմբագրությամբ՝ ընդարձակ և համառոտ:
Ժամանակակից իրավունքի տեսնակյունից, Գոշի «Դատաստանագրքում», իհարկե, կան և որոշ թերություններ, նաև բացառիկ, հետաքրքիր դրվագներ: Զուտ եկեղեցական տեսանկյունից պետք է չմոռանալ, որ Գոշի դատաստանագիրքը կազմված է եկեղեցական իրավունքի հիմքի վրա: Էական է, որ Գոշը խոսում է բարոյականության և օրենքի փոխհարաբերության մասին, օրինակ, բնական իրավունքի մասին: Մարդը ծնվելուց հետո իր հասակին զուգընթաց ձեռք է բերում որոշակի հատկություններ, գիտելիք, գրեթե բոլոր հասարակություններն ունեն ամուսնություն կոչվող հասկացությունը, գրեթե բոլոր մարդիկ ունեն խիղճ հասկացությունը: Գիտեն, որ հորը կամ մորը անպատվելը սխալ է: Այսպիսի բազմաթիվ օրինակներով Գոշը շեշտում է բնական օրենքի կարևորությունը:
Գոշը շեշտում է նաև դատարանի, դատաստանի առանձնահատկությունը: Երբ երկու քրիստոնյա վիճում էին, այլազգիների դատարան գնալը, մեկը մյուսի դեմ այլազգիների դատարան դիմելը ինչ-որ իմաստով անպատվաբեր էր համարվում: Եվ, բնականաբար, Գոշը փորձում է ստեղծել դատարանի մասին քրիստոնեական ընկալումը: Եվ սա նորարություն էր հայ կանոնական մտքի մեջ:
Գոշի «Դատաստանագրքում» առանձնահատկությունն այն է, որ նա շեշտում է հատկապես դատավորի և դատաստանի բարոյական կողմը: Այսինքն, այստեղ ի հայտ է գալիս մի շատ կարևոր երևույթ, որը մեր օրերում, դժբախտաբար, հաճախ մոռացվում է:
Գոշը այն բացառիկ հեղինակներից է, որ «Դատաստանագրքում» խոսում է ընդհանուր օրենք և մասնավոր օրենք հասկացությունների մասին: Իհարկե, սա եկեղեցական կանոնադրության տեսանկյունից ընդունված երևույթ է. եկեղեցական կանոնը իր առնչությունն ունի այն ընդհանուր օրենքի հետ, որը տրվել է մեզ Քրիստոսի կողմից: Եվ կան այդ օրենքի կիրառման մասնավոր դեպքերը, որոնք հենց կազմում են մասնավոր օրենքը, և որոնք, սովորաբար, կոչվում են նախադեպային:
Այս երեք հիմնական առանձնահատկություններով է, որ, ըստ իս, Գոշի «Դատաստանագիրքը» այսօր մեր հասարակության համար կարող է դիտվել իբրև հայ իրավունքի հուշարձան, և ինչ-որ իմաստով ունենալ պրակտիկ նշանակություն:
(Մանրամասները՝ տեսանյութում)
-Գոշը օգտվել է նաև Հին կտակարանից, Մովսեսի օրենքներից: Ես, որքան տեղյակ եմ, Նոր Կտակարանում, սակայն, Քրիստոս մերժում է օրենքները: Կա՞ այստեղ հակասություն:
-Քրիստոս ոչ թե մերժում է օրենքները, այլ լրացնում: Մատթեոսի ավետարանի 5-7-րդ գլուխներում նա մեկնում է հրեականության ամենակարևոր օրենքը՝ Տասնաբանյան: Եվ այդ օրենքին ավելացնում է մի շատ կարևոր առանձնահատկություն՝ խիղճը, այսինքն, ներքին հոգևոր օրենքը: Իհարկե, սա նորություն չէր: Եթե թերթենք Ղևտացվոց գիրքը, կտեսնենք, որ ծիսական, քրեական, հասարակական, նույնիսկ ամենապրիմիտիվ բաների մասին օրենքների կողքին կա հոգևոր օրենքը: Նշված գլուխներում կա «Սիրի քո անձը, ինչպես կսիրես քո ընկերոջը», «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, մտքով»: Եվ այս ամբողջ օրենքների ժողովածուն կոչվել է Սրբության օրենք, այսինքն, օրենքներ, որոնք վերաբերում են մարդու ներքին, հոգևոր, ինչ-որ իմաստով նաև չգրված օրենքներին:
Շատ կարևոր է, որ Գոշը հենց այս տեսանկյունից է դիտարկում հինկտակարանյան օրենքը: Օրինակ, «Աչք՝ աչքի փոխարեն, և ատամ՝ ատամի փոխարեն»-ը շատ հայտնի տալիումի՝ փոխհատուցման օրենքն է: Սա ոչ թե նշանակում էր, որ դիմացինդ քեզ ինչ արել է, դու էլ նույնը նրան արա, այլ նշանակում էր փոխհատուցել ոչ ավելի քիչ, ոչ ավելի շատ, քան օրենքն է սահմանում: Այսինքն, պահպանել օրենքի փոխհատուցման իրավաչափություն: Եվ, բնականաբար, մենք շատ հաճախ սխալ ենք մեկնաբանում այն: Գոշը հրաշալի գիտեր, որ նորկտակարանյան և հինկտակարանյան օրենքներն իրենց նպատակով տարբեր են, բայց կրթական, խրատական, դաստիարակչական մղումներով գրեթե նույնն են, քանի որ երկուսն էլ ներքին հոգևոր օրենքին առաջնայնություն տալու նպատակ ունեն:
-Սահմանադրությունն ամրագրում է խղճի, մտքի ազատությունը, կրոնական հանդուրժողականությունը: Եկեղեցին ի՞նչ մոտեցում ունի այս դրույթներին:
-Կիլիկյան Հայաստանը կրոնական հանդուրժողականության ամենափայլուն օրինակն է, շատ հետաքրքիր հուշարձաններ է մեզ թողել այդ մասին: Կիլիկյան Հայաստանում առկա են տարբեր նամակներ՝ ուղղված տարբեր բնակավայրերում ապրող բնակիչներին, որոնցում ուղղակիորեն խոսվում է կրոնական հանդուրժողականության մասին: Եվ Գոշն էլ վրացիներին ուղղված մի թուղթ ունի, որտեղ խոսում է հայ և վրաց ժողովուրդների, և ընդհանրապես օրթոդոքս և մյուս եկեղեցիների հետևորդների հետ խաղաղ ապրելու և միմյանց հանդուրժելու մասին: Սա շատ կարևոր է, որովհետև հենց այդ ժամանակաշրջանում է, որ հայ միջնադարյան մտածողները խոսում են հանդուրժողականության մասին՝ հակառակ առկա տարբերություններին՝ ծիսական, դավանաբական և այլն:
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը և դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների և պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը։
Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: ՀՀ Սահմանադրություն, հոդված 26
Իհարկե, կան կաննոներ, որոնք արգելում են հայ քրիստոնյային հաղորդվել հայ դավանանքին չպատականող այս կամ այն եկեղեցում, կան օրենքներ, որոնք սահմանափակում են հերետիկոսների և հերձվածողների հետ հարաբերությունները: Սակայն այստեղ խնդիրը ոչ թե հանդուրժողականությունն է, այլ կրոնական ներքին մղումները, որ հայ եկեղեցու դավանանքին չհամապատասխանող այս կամ այն հոսանքը չներթափանցեր Հայաստան: Սա շատ հասկանալի էր, որովհետև այստեղ արդեն խոսքն ազգային անվտանգության մասին է: Գիտենք, որ ընդհուպ մինչև Բյուզանդայի կործանումը, Հայաստանը ենթարկվում էր բուզանդական նվաճողական նկրտումներին, անընդհատ ներխուժումների, հայ ժողովրդին, հայ եկեղեցուն կայսրությանը հնազանդեցնելու փորձեր էին արվում: Եվ այս պատճառով էին սահմանփակումները: Իսկ ընդհանրապես, ես վստահաբար կարող եմ ասել, որ հայ միջնադարյան, հատկապես, 11-15 դարերի դավանական հուշարձանները բոլորն էլ խոսում են կրոնական հանդուրժողականության մասին:
Խղճի, խղճմտանքի ազատության հասկացությունը ավելի ուշ շրջանում է առաջ եկել: Եվ այն չի ունեցել այն ընկալումը, ինչ ներկայում է:
Կիլիկյան Հայաստանում ապրում էին տարբեր ազգեր՝ եվրոպացիներ՝ ի դեմս ջենովացիների և վենետիկցիների, ասորիներ, մահմեդականներ: Այդ երկրում ամենատարաբեր ազգերի համար ընդունված օրենքներ կային: Եվ այս առումով Կիլիկյան Հայաստանը շատ առաջատար էր: Օրինակ, Եվրոպայում գործող օրենքով, նավաբեկության ժամանակ ափ շպրտված ամբողջ ունեցվածքը պատկանում էր ափի տիրոջը: Կիլիկյան Հայաստանում օրենք էր ընդունվել, որ այդ ունեցվածքը վերադարձվում էր նավի տիրոջը:
Ես Սահմանադրության մասնագետ չեմ, գիտեմ սակայն, որ մեր Սահմանադրության ու օրենսդրության մեջ պետք է հաշվի առնվի այն կարևոր հանգամանքը, որ հայ ժողովուրդը ունի նաև կրոնական շատ կարևոր ցուցիչ՝ ազգային պատկանելությունը: Եվ այս իմաստով մենք չենք կարող համեմատել գլոբալ համամարդկային արժեքների գերակայությունը մեր խորը ազգային առանձնահատկությունների հետ:
-Կա՞ն օրենքներ, որոնք հակասում են Աստվածաշնչյան կանոններին:
-Ես իրավունքի մասնագետ չեն, սակայն կարող եմ միայն մի հաստատում անել, որ միջազգային օրենքների և ընդհանրապես եվրոպական օրենքների 90 տոկոսը բխում է Աստվածաշնչից և քրիստոնեական արժեքներից:
-Այնուամենայնիվ, օրինակ, Գոշի «Դատաստանագրքում» բավականին դաժան պատիժներ կային՝ անդամահատումից մինչև մահապատիժ:
-Գիտեք, հարցն ունի մի քանի երես: Մահապատիժը, կամ քառատումը, կամ կախաղանը, և այլ պատիժներն ունեցել են տվյալ երկրի օրենքի հետ համապատասխանեցման միտում: «Դատաստանագիրք»-ն էլ չէր կարող հակասել տվյալ պետության օրենքներին: Սա պետք է հիշել: Օրինակ, «Կանոնագիրք հայոց»-ի մեջ միայն մեկ դեպք ունենք ժամանակի պահանջներին համապատասխան. դա քարկոծումն էր: Շահապիվանի 444 թվականին ընդունած որոշումն էր, որ ով ուրանա հավատը, ապա նույն այս եկեղեցու ուխտն ընդունած անդամների կողմից պետք է տեղում քարկոծվի: Սա մասնավոր դեպք է մասնավոր երևույթի դեմ ընդունված:
«Կանոնագիրք հայոցը» եկեղեցական կանոնների ժողովածու է, որն, ինչպես ասացի, քրիստոնեական բարոյականության և աստվածաբանության հիմքի վրա է կառուցված, իսկ մահապատժի գործառույթը թողնվում էր պետությանը:
Դատաստանագիրքը սակայն, ինչպես նշեցի, այլ նպատակ ուներ՝ նախևառաջ ներառել քաղաքական, քրեական օրենքներ, որոնք չէին կարող հակասել այս կամ այն պետության օրենքներին: Իսկ մահապատիժը, ինչպես գիտենք, միջնադարում շատ տարածված երևույթ էր:
Պետք է հիշել, որ Գոշը կանոնագիրք չէր ստեղծում, որտեղ քրիստոնեական, մարդասիրական կանոններ էին, այլ նպատակ ուներ ստեղծելու դատաստանագիրք, որը շատ ավելի պրակտիկ էր, կապահովեր քրիստոնյայի դատաստանն այս կամ այն երկրում, կապահովեր ունենալ սեփական դատարան ու դատավորներ:
Հարցազրույցը՝ Աստղիկ Կարապետյանի
Լուսանկարները՝ Գևորգ Թոսունյանի
Շարքի մտահղացման հեղինակներ՝
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ
Կարեն Զադոյան
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու
Տեր Եսայի քահանա Արթենյան
Կարդացեք նաև՝
Ամուսնությունը դրախտի խորհուրդ է. Տեր Նշան քահանա Ալավերդյան