Օպտիմալացում, կարգավորում և թափանցիկության բարձրացում. վարչապետը նոր հանձնարարականներ տվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարեց Արդարադատության նախարարին կրճատել գերատեսչության կազմը: Նա երեք շաբաթ ժամանակ տվեց նախարարին` ասելով. «Երեք շաբաթում կառավարությանը ներկայացնել նախագծերի փաթեթ, որոնց համաձայն դադարեցվում է ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործառույթները, կուսակցությունների, կրոնական կազմակերպություների հետ առնչվող տեսչությունները վերացվում են, իսկ մնացած գործառույթները, որոնք առնչվում են հարկային ոլորտին, վերապահվում են ՊԵԿ-ին»,- ասաց վարչապետը նշելով, որ մի շարք գործառույթները տարբեր տեսչություններից տեղափոխվելու են Արդարադատության նախարարության աշխատակազմ:

Բացի այդ, վարչապետը դիմելով Կենտրոնական բանկի ղեկավարին, ասաց, որ ՊԵԿ-ն ուզում է դասակարգում մտցնել հարկատուների շրջանում ու օրինապահ հարկատու կարգավիճակ սահմանել, եթե հարկատուն ունի նման կոչում, ապա նրան բանկերը վերաբերեն արտոնյալ եղանակով, նա առաջարկեց քննարկել ու որդեգրել նման մոտեցում:

Հաջորդ հանձնարարականը նույնպես բիզնեսի ոլորտից էր, վարչապետն ասաց. «Մենք պետք է մեր երկրում ունենանք հնարավորություն, որպեսզի օնլայն ռեժիմով կամայական անձը իմանա տվյալ վայրում բիզնես սկսելու ինչ հնարավարություն կա` լինի գազ, ջուր, թե հոսանք: Այս տեղեկատվությունը պետք է լինի հասանելի»,- շեշտեց գործադիրի ղեկավարը:

Նա նաև հանձնարարեց պետական գույքի կառավարման վարչության պետին երեք շաբաթում ներկայացնել առաջարկներ` մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների, ֆոնդային բորսայով, հրապարակային առաջարկների միջոցով մասնավորեցման վերաբերյալ:

Մի քանի նախարարներին հանձնարարեց համագործակցել համայնքապետերի հետ` բազմաբնակարան շենքերում և նրանց հարևանությամբ գործող գիշերային ակումբները և զվարճանքի կենտրոններն այլ վայրեր տեղափոխելու ուղղությամբ, ներկայացնել համապատասխան նախագծեր. «Խոսքը գնում է ստրիպտիզ ակումբների և դրա նման զվարճանքի ակումբների մասին, շատ են դեպքերը, որ դրանք գործում են բազմաբնակարան շենքրեի տակ»,- ընդգծեծ պարոն Կարապետյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել