Վերին Լարսում այս պահին շուրջ 50 հայեր կան, նրանցից մեկը Գարեգին Կարապետյանն է, ով բաց նամակ է հղել ՌԴ ԱԻՆ ղեկավարին` փորձելով այսկերպ հասցնել մեր պաշտոնյաներին, որ Լարսում գտնվող հայերը ծանր պայմաններում են: Գարեգինը մեզ ասաց, որ մինչ այս այստեղ եղել է երկու հայ ընտանիք, որոնք երեխաների հետ էին, ռուսական ԱԻՆ-ի պաշտոնյաները սեփական ուժերով նրանց տեղափոխել են հյուրանոց:
Լարսի հայերը հայտնվել են ծանր պայմաններում, Գարեգինի խոսքերով` նախ միգրացիոն ընկերության աշխատակիցների վերաբերմունքն է շատ բացասական.
«Նրանց չի հետաքրքրում՝ դու ինչ վիճակում ես, նրանք ասում են
ուր ուզում եք գնացեք, միայն թե լքեք մեր երկիրը` ուզում եք գնացեք Չինաստան կամ այլ երկիր, անընդհատ բղավում են հայերի վրա ու հրահանգում, որ իրենց սենյակներից դուրս գանք», – նշեց մեր զրուցակիցը: Հաջորդ խնդիրը կապված է տեղի ճանապարհային ոստիկանության հետ. «Այստեղի ՃՈ-ն անընդհատ ճնշում է հայերին, շատերը լեզուն չգիտեն, առավել ևս օրենքները, մարդկանց տուգանում են, մարդիկ էլ առանց էտ էլ գումար չունեն իրենց մոտ»:
Գարեգինը նշեց, որ ներկայումս Վերին Լարսում հայկական ԱԻՆ-ից պաշտոնյա չկա, վերջին պաշտոնյան օրեր առաջ է գնացել, փորձել են հետը կապ հաստատել, բայց ասել է, որ իրեն հրահանգ են տվել ավարտել գործողությունները: Նա փոխանցեց, որ այս պահին շատ կարևոր է հայկական կողմի ներկայությունը, իրենք ցուցակագրել են անձանց, որպեսզի նրանց նույնպես բերեն Հայաստան: Ստորև ներկայացնում ենք նամակը.
«Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների անունից 02.07.2016-ին ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԻՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿԻ ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Ներքին ծառայության գեներալ-մայոր,
ՀՕՀ Ալանիայի գծով Ռուսաստանի ԱԻՆ-ի գլխավոր վարչության պետ
Ա.Ն. Խորուժիյին
Հարգարժա՛ն Ալեքսանդր Նիկոլայեվիչ,
02.07.2016 թ. դրությամբ՝ Վ. Լարս մաքսային անցակետում մեծ քանակությամբ ՀՀ քաղաքացիներ են գտնվում, որոնք կարիք ունեն՝ տարհանվելու Հայրենիք: Մեր տվյալներով՝ ՀՀ և ՌԴ ԱԻՆ-ների կողմից տարհանման գործողությունը համարվում է ավարտված:
Գտնվելով Վ. Լարսի անցակետում՝ չենք կարողանում կապվել ՀՀ ԱԻՆ-ի հետ՝ տվյալ խնդրի մասին ղեկավարությանը տեղեկացնելու համար:
Դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ փոխանցել ՀՀ ԱԻՆ-ի ղեկավարությանը հետևյալը.
- ՀՀ ԱԻՆ-ը տարհանել է ոչ բոլոր քաղաքացիներին, ովքեր այս օգնության կարիքն ունեին, քանի որ նրանցից ոչ բոլորն էին գտնվում Վ. Լարսում: 23.06.2016թ.-ին ոստիկանությունը շատերին հետ է ուղարկել՝ պատճառաբանելով, որ սելավը կարող է հասնել մինչև այս տեղանքը: Հաջորդ առավոտ ՃՈ-ի առաջին կետը Վլադիկավկազից ոչ ոքի չէր թողնում անցնել դեպի Վ. Լարս: Շատերը ցրվեցին՝ չիմանալով այն մասին, որ տարհանում է սպասվում: ՀՀ ԱԻՆ-ը կազմակերպված ձևով չի տեղեկացրել իր քաղաքացիներին կամ Հայաստանում գտնվող նրանց հարազատներին այս տեղեկատվությունը փոխանցելու մասին, ինչպես նաև փոխհամաձայնեցված չէին ՀՀ նախարարությունների գործողությունները, և, ամենակարևորը, տեղում բացակայում էր մշտական ներկայացուցիչ: Մեզնից մի քանիսին հաջողվեց զանգով կապ հաստատել ՀՀ նախարարությունների հետ, որոնք անճշտորեն խորհուրդ էին տալիս գնալ ՌԴ-ի սևծովյան ափ և այնտեղ փնտրել լաստանավով տեղափոխման տարբերակ: ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը երբեք չի պատասխանում զանգերին կամ էլ գիծը միշտ զբաղված է:
- Պահանջ ՀՀ ԱԻՆ-ին. այսօր՝07.2016թ.-ին, շտապ Վ. Լարս ուղարկել ներկայացուցիչ՝ բոլոր հնարավոր ձևերով տարհանումը կազմակերպելու համար:
- Մենք կազմում ենք ցուցակ՝ այստեղ գտնվող բոլոր մարդկանց անուններից բաղկացած՝ ինչպես թեթև և բեռնատար փոխադրամիջոցներով եկած, այնպես էլ ավտոբուսներով ժամանած:
- Մենք տեղեկացված ենք նաև այն մասին, որ ՌԴ-ի մոտակա բնակավայրերից որոշ մարդիկ չարաշահում են ԱԻՆ-ի տրամադրած տարհանման օգնությունը: Մենք պատրաստ ենք՝ օգնելու ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցչին զտել իսկապես կարիք ունեցողներին վերը նշված քաղաքացիներից:
- Քանի որ այս պահին մեծաթիվ ՀՀ քաղաքացիներ Վ. Լարս են գնում ՌԴ-ի հեռավոր տարածաշրջաններից, նրանք կունենան օգնության կարիք՝ ընդհուպ մինչև Վ. Լարսի սահմանի բացումը, ինչը կներառի ինչպես տեղեկատվական և կազմակերպչական օգնություն, այնսպես էլ ապահովում բոլոր անհրաժեշտ բաներով:
- Խնդրում եմ կապվել ինձ հետ հետևյալ հեռախոսահամարով. +79168451231:
Վ. Լարսում գտնվող բոլոր քաղաքացիների անունից՝ Գարեգին Կարապետյան
Հարգանքով՝
Գարեգին Կարապետյան
02 հուլիսի, 2016 թ.»
Իրավաբան.net