Հոգեական առողջության խնդիր ունեցող անձանց կյանքը վտանգի տակ է. որակյալ դեղի փոխարեն պետությունը փոխարինողն է գնում

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին՝ խնդրելով հոգեական առողջություն ունեցող անձանց որակյալ դեղեր տրամադրել և ոչ դրանց փոխարինիչները, որոնք վատթարացնում են նրանց առողջական վիճակը: Նամակում, մասնավորապես, նշվում է.

«Մեծարգո վարչապետ,
Ձեզ  են դիմում «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի` հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք և հարազատներ:

Խնդրում ենք  Ձեզ,  որպես ՀՀ գործադիր մարմնի ղեկավար, հետամուտ լինել և օգնել մեր  այսչափ կարևոր, մարդկային կյանքին վտանգ սպառնացող խնդրի լուծմանը: Երկու տարի առաջ, մենք կրկին բաց նամակով դիմել էինք Ձեզ և կարճ ժամանակահատվածում մեզ տրամադրվեց անվճար, արդյունավետ, որակյալ «Զիպրեքսա» հոգեմետ դեղը:

2005թ. ՀՀ ԱՆ-ն կենտրոնացված գնումների միջոցով անվճար կարգով մեր շահառուներին հատկացրել է «Զիպրեքսա» դեղը, որի շնորհիվ մեր շահառուներից մեծ մասի  հոգեկան վիճակը կարգավորվել է, շատերն  ընդունվել են աշխատանքի , ամուսնացել են, շարունակել են իրենց ընդհատված ուսումը, վերականգնել են խզված սոցիալական կապերը՝ դառնալով հանրության լիարժեք անդամ:

2014 թվականին կենտրոնացված գնումների միջոցով Ավանի կլինիկայի կողմից մեր շահառուներին տրամադրվել էր «Զիպրեքսա» դեղին փոխարինող «Զոլաքսա»  դեղը, որի ընդունման ֆոնի վրա շատերի հոգեվիճակը կտրուկ սրվել և վատթարացել էր 2014թ-ից:

«Զոլաքսա» դեղի օգտագործման ընթացքում 2014 թվականի Ավանի բժշկական կենտրոնում անց է կացվել շահառուների «Զիպրեքսա» և «Զոլաքսա» դեղերի համեմատական հետազոտություն, որի նպատակն է եղել գնահատել վերոնշյալ դեղերի արդյունավետությունը: Այդ մշտադիտարկման ժամանակ մոտավորաապես 300-հիվանդից 90% իրենց նախասիրությունը տվել են «Զիպրեքսա»  արդյունավետ դեղին: Մենք պայքարել ենք ամբողջ մեկ տարի, որի արդյունքում 2015 թ. ՀՀ ԱՆ նախարար Արմեն Մուրադյանի հրամանով  ապրիլ ամսից   մինչև դեկտեմբեր ամիսը իրականցվեց մի  ծրագիր, որի օգնությամբ  մեր շահառուներին հնարավորություն ընձեռնվեց անվճար ստանալ «Զիպրեքսա» դեղը:

ՀՀ ԱՆ–ի 2015 թվ.-ի դեկտեմբերի 23-ի թիվ 3696-Ա հրամանով հաստատվել է «Նորք» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ  Առաջին Փսիխոտիկ Էպիզոդի բաժնում հոգեկան հիվանդների արդյունավետ բուժման կազմակերպման ծրագիրը:

Ավաղ, 2016 թ. հունվարի 1-ից դադարեցվել է «Զիպրեքսա» դեղի անվճար մատակարարումը, կրկին գնումների մրցույթի ձգձգման, անհասկանալի կետերի  արդյունքների պատճառով: Այսօր մեր շահառուների առողջական վիճակը խիստ վատթարացված է: Շահառուների մոտ 30% արդեն գտնվում են հոգեկան առողջության կենտրոններում ու գնալով նրանց թիվը կավելանա, եթե ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները Ձեր անմիջական միջամտությամբ  չկարգավորեն  այս խնդրահարույց գործը:

Մենք ս/թ փետրվարի 3-ին մեր բողոք-դիմումն ուղղեցինք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար-նախարար պրն.Դավիթ Հարությունյանին: Սակայն մեր բողոք նամակը մնաց անպատասխան մինչև  մարտի 2-ը՝ հեռախոսազրուցից հետո, որը կայացավ ՀՀ կառավարության սոցիալական վարչության պետ տկն.Աստղիկ Միրզախանյանի հետ: Սակայն նա մեզ համոզելով խաբեց, որի պատճառով մենք զրկվեցինք Դավիթ Հարությունյանի հետ հանդիպումից:

2016թ. մարտի 12-ին ՀՀ կառավարության շենքում ՀԱՎՀԱ-ի մոտ 45 շահառուներին ընդունեց քաղաքացիների բողոքարկման հարցերով պատասխանատու պրն.Ալեքսան Ղազարյանը, որի արդյունքում մեր հարցին կրկին հստակ պատասխան չտրվեց:

Մեծարգո վարչապետ,

Մարտի 14-ին, ժամը՝ 17:00-ին «Գնումների աջակցման կենտրոն»-ում այս հարցով տեղի է ունենալու նիստ, որի արդյունքում որոշվելու է մեր դեղի ապահովման ճակատագիրը: Խնդրում ենք Ձեզ աջակցել 300 հիվանդներին` կրկին ստանալու որակյալ դեղը: Մեր շահառուների հետագա առողջական վիճակը կախված է Ձեր անաչառ միջամտությունից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել