ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Արաբկիրի զինկոմիսարիատի հերթապահ, փոխգնդապետ Մ.Միրզոյանի վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ։
Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Արաբկիրի զինկոմիսարիատի մասնաշենքի երկրորդ հարկի պատուհանից ապօրինի մուտք է գործել զինկոմիսարիատ, մտել հերթապահության սենյակ և ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակում է գործել հերթապահ, փոխգնդապետ Մ.Միրզոյանի վրա՝ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջելով մետաղյա չհրկիզվող պահարանում գտնվող գումարը:
Ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու արդյունքում փոխգնդապետին հաջողվել է ուղիղ կապով տեղեկացնել կատարված ավազակային հարձակման մասին, որի արդյունքում առերևույթ հանցագործություն կատարած անձը, դադարեցնելով գործողությունները, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում 12.10.2015թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով:
Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ քննչական գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով N զորամասի զինծառայող է։ Վերջինս 2016 թ. հունվարի 27-ին ներկայացվել է ճանաչման գործով տուժողին։
Քննությամբ հիմնավորվել է, որ նշված զինծառայողը նշված առերևույթ հանցանքը կատարել է իր ընկերոջ հետ, ով պահեստազորի կապիտան է։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Պետրոսյանին և Ա.Աղասարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով։
Քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: