ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման համաձայն՝ պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է`
ա)մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին` մրցութային կարգով.
բ)օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին` առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց` համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին` համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
գ)պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:
Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` բարձրագույն ուսումնական հաստատությունը, իր միջոցների հաշվին ուսման վճարը ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցում է`
ա)սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.
բ)միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.
գ) 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
դ)վճարովի ուսուցման համակարգում 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին
ե)1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին.
զ)հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին
է)մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
ը) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` բուհի հայեցողությամբ.
թ) բուհի հայեցողությամբ` այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին: