ՀՀ օդանավակայաններում անցագրային համակարգի ներդրումը և կիրառումը նպատակ ունեն պարզեցնելու օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվությունների ձևակերպումը, ինչպես նաև անցագիրը նույնականացնելու այն ներկայացնող անձի հետ, ստուգելու անցագրերի համապատասխանությունը դրանք ներկայացնողների (անձանց և տրանսպորտային միջոցների) տվյալների հետ: Այլակերպ` անցագրերը ծառայողական փաստաթղթեր են, որոնք, ըստ ՀՀ կառավարության № 1142-Ն որոշման 32-րդ կետի, իրավունք են տալիս՝
ա) մուտք գործելու օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներ և գտնվելու այնտեղ,
բ) օդանավակայանների վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներից դուրս տանելու կամ ներս բերելու նյութական արժեքներ, բեռ, փոստային առաքումներ,
գ) ապահովելու ավտոտրանսպորտի մուտքը (ելքը) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ:
Մշտական անցագրերը անձնական անցագրեր են: Դրանք մինչև 2 տարի ժամկետով տրվում են այն անձանց, ովքեր մշտապես աշխատում են օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում:
Ժամանակավոր անցագրերը տրվում են այն անձանց, ովքեր ժամանակավորապես են աշխատում օդանավակայանային ծառայություններում և օդանավակայանների վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպություններում, այդ թվում` նաև նրանց, ովքեր գտնվում են գործուղման մեջ, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:
Մեկանգամյա անցագրերը տրվում են օդանավակայանի վերահսկելի գոտիներ մեկ անգամ մուտք գործելու համար և գործում են ստանալու պահից մեկ օրվա ընթացքում` մինչև վերահսկելի գոտում գտնվելու` նշված ժամկետի ավարտը:
Տրանսպորտային միջոցների անցագրերը տրվում են օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների և գերատեսչությունների տրանսպորտային միջոցներին՝
ա) մշտական տրանսպորտային անցագրերը տրվում են մինչև մեկ տարի ժամկետով.
բ) ժամանակավոր տրանսպորտային անցագրերը տրվում են մինչև 3 ամիս ժամկետով.
գ) մեկանգամյա տրանսպորտային անցագրերը տրվում են մեկ անգամ մուտք գործելու համար: