«Դուք եք, ձեր երկիրը, ձեր Սահմանադրությունը». Վենետիկի հանձնաժողովի անդամները՝ Երևանում

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երևանում տեղի ունեցավ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ սահմանադրության նոր նախագիծը: Երկու ժամ տևած հանդիպման ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց հարցերն ուղղեցին հանձնաժողովի անդամներին, ովքեր շեշտեցին, թե պարզապես իրենց դիրքորոշումն են հայտնում, այն պաշտոնական տեսք չունի:

Մասնակիցները մեծամասամբ հետաքրքրվում էին հավաքների անցկացման, մեծամասնությունների ձևավորման և ընտրությունների անցկացման դրույթներով:

ՀՀ Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե արդյո՞ք տեղյակ են՝ ինչ պատճառաբանությամբ է իշխանությունը փոխում Սահմանադրությունը: Պատասխանելով հարցին՝ անդամներից մեկը նշեց, որ չեն կարող գնահատական տալ ներքաղաքական իրավիճակին. «Մենք այստեղ ենք միայն Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեր տեսակետը հայտնելու համար: Դուք եք, ձեր երկիրը, ձեր սահմանադրությունը»:

Այնուհետև նա անդրադարձավ Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը մտահոգություն հայտնեց ԱԺ-ում մեծամասնության ձևավորման հարցի շուրջ: Ըստ նրա՝ Սահմանադրության նախագծում ամրագրվածն անընդունելի ձևաչափ է, ուստի պատգամավորը հետաքրքրվեց, թե ո՞ր պետություններում է նման կարգավիճակով ձևավորվում կայուն մեծամասնություն: Հանձնաժողովի անդամներից Քրիստոֆ Գրաբենվարտերը պատասխանելով՝ ասաց, որ լուծման նման օրինակ ունեն Սան Մարինոյի Հանրապետությունն և Հունաստանը. «Մեր խնդիրն է ուսումնասիրել մնացած բոլոր համակարգերը: Մենք ապահովում ենք խաղի կանոններին համապատասխանություն, իսկ Սահմանադրությունը` խաղի կանոնների ժողովածու է»,- շեշտեց մասնագետը:

Հանձնաժողովի անդամները եզրափակելով հանդիպումը՝ նշեցին, որ նախագիծը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, բայց սա էլ իր հերթին լավագույն փորձը չէ. «Մենք քննարկել ենք մի շարք հոդվածներ, վերանայել դրանք, նշել թերությունները, բայց սա ընդամենը մեր կարծիքն է, վերջնական որոշումը ձերն է»,- հայտարարեցին նրանք:

Ռոզա Վարդանյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել