Կալանավորվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու մեղադրանքով

Լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Թաժդին Ա.-ին մեղադրանք է առաջադրվել:

Թաժդին Ա.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա Գրետա Գ.-ի հետ կազմած հանձնման-ընդունման ակտով իրեն ի պահ հանձնված թվով 174 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասունները ժամանակավորապես պահելու լիազորութամբ օժտված լինելով, շահադիտական նպատակով 2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում հիշյալ թվով անասունները վաճառել է այլ անձանց` այդ կերպ Գրետա Գ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 50 մլն. 87 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև Թաժդին Ա.-ն 2015թ. փետրվարի սկզբներին տեղեկացել է, որ իր ծանոթ՝ փաստաբան Եղիկ Ե.-ն Գարիկ Ա.-ի միջոցով ծանոթացել և մտերիմ հարաբերություններ է հաստատել «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հետ»: Անտեղյակ լինելով, որ իրականում վերջինիս անունից խաբեությամբ Եղիկ Ե.-ին հեռախոսակապով ներկայացել և մտերմիկ զրույցներ է վարել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովիկ Բ.-ն, Թաժդին Ա.-ն դիմել է  Եղիկ Ե.-ին՝ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի  և  Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի ընթացքը «բարձրաստիճան պաշտոնյայի» միջամտությամբ իր օգտին լուծելու խնդրանքով: Թաժդին Ա.-ն Եղիկ Ե.-ից հավաստիացել է,  որ  «ՀՀ  գլխավոր դատախազի տեղակալը» կաշառք ստանալու դիմաց իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կմիջամտի քրեական գործի նախաքննությանը՝ կապահովի առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման հատկանիշներով իր վերաբերյալ քննվող հիշյալ քրեական գործով վարույթի կարճումը, դրանով նաև՝ իր անվամբ գույքն արգելանքից ազատելը:

Օգտագործելով ստեղծված հնարավորությունը, Թաժդին Ա.-ն Եղիկ Ե.-ի օժանդակությամբ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» կաշառք տալու դիտավորությամբ, 2015թ. փետրվար ամսին Եղիկ Ե.-ին է տվել առանձնապես խոշոր չափերով 5 հազ. ԱՄՆ դոլար: Իր հերթին՝ Եղիկ Ե.-ն նշված գումարը մաս-մաս փոխանցել է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» մտերիմ Գարիկ Ա.-ին: Սակայն հանցագործությունը՝ Եղիկ Ե.-ի օժանդակությամբ Թաժդին Ա.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը,  վերջինիս կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած Հովիկ Բ.-ն ու Գարիկ Ա.-ն կաշառքի գումարը խաբեությամբ հափշտակել են: Այս մասին հատնում են ՀՀ հատուկ քննաչակն ծառայությունից:

Թաժդին Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ հիշյալ քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել Եղիկ Ե.-ին և գործով անցնող մյուս անձանց ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ