Լուծում են ստացել Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչների խնդիրները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին:
Հանդիպմանը ներկա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքները: Զեկուցվել է, որ արդեն իսկ բնակարանների փաստաթղթերը հանձնվել են բնակիչներին, իսկ փոխհատուցման համապատասխան գործընթացը կսկսվի առաջիկայում՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Բացի այդ, ամբողջությամբ վճարվել է նաև բնակիչների բնակվարձը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Ամփոփելով՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կատարվել են: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը եղել և մշտապես լինելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում:
Օտարված բնակելի տարածքների բնակիչներն իրենց և բնակարանների վկայականներ ստացած բոլոր բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ իրենց խնդիրներին հետամուտ լինելու և օժանդակություն ցուցաբերելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել