Փողոցներում հաճախ ենք նկատում տրանսպորտային միջոցի վրա փակցված գովազդային պաստառներ: Սակայն քչերն են տեղյակ թե ինչպես է այն օրենսդրորեն կարգավորվում:
Համաձայն ՀՀ կառավարության N 2137-Ն որոշման տրանսպորտային միջոցների վրա գովազդ կարող է տեղադրվել`
1) տրանսպորտային միջոցի տանիքի վրա, ընդ որում, եթե տեղադրվում են լրացուցիչ առարկաներ, ապա դրանց չափերը` երկարությունը չպետք է գերազանցի 1380 միլիմետրը, լայնությունը՝ 440 միլիմետրը, բարձրությունը՝ 370 միլիմետրը, իսկ գովազդային գրառումները և պատկերները պետք է իրականացվեն այդ առարկաների՝ թափքի երկայնական առանցքին զուգահեռ կողմերի վրա.
2) թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների (այդ թվում՝ միկրոավտոբուսների) թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը.
3) բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների թափքերի (այդ թվում` ֆուրգոնների) կողային մակերեսներին.
4) մոտոցիկլների վառելիքի բաքերի և գործիքային արկղերի կափարիչների վրա:
Գովազդը չպետք է տեղադրվի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում ու վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցի վրա: Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման (փակցնելու) տեղով չպետք է նման լինեն հատուկ և oպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններին:
Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերը, հաշվառման համարանիշերը, թափքի համարը, նույնացման համարը, տեղեկատվական գրառումները և նշանները: