ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի ներկայացուցիչը հակադարձում է վարչապետին

«Թող մի քաղաքական ուժ, մի քաղաքական հասարակության ներկայացուցիչ, հասարակական կազմակերպություն ասի, որ որևէ բան պայմանավորվել են կառավարության հետ, որևէ ողջամիտ հարց առաջարկել է, սակայն մենք ականջալուր չենք եղել: Չկա այդպիսի հարց, կամ մի բան ենք պայմանավորվել ու կառավարությունն իր խոստումը չի իրականացրել»,- երեկ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Այո, եղել են պայմանավորվածություններ, որոնք կառավարությունը չի իրականացրել»,- վարչապետին հակադարձում է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում նա մանրամասնեց. «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ, որպեսզի ստեղծվի մասնագիտական աշխատանքային խումբ, որտեղ կքննարկվեն հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի և ապօրինի հարստացման հետ կապված հարցերը: Առաջարկել էինք, որպեսզի այդ աշխատանքային խումբը ձևավորվեր Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստում: Բանավոր պայմանավորվածություններին հաջորդել էր գրավոր նամակագրությունը, որի շրջանակներում կոալիցիան և ՀԵԻԱ-ն աշխատանքային խմբում փորձագետների թեկանածուներ էին առաջարկել»:

Մինչդեռ, մեր զրուցակցի փոխանցմամբ, ոչ միայն առաջին նիստի օրակարգային հարցերի մեջ այն չէր ընդգրկվել՝ ի տարբերություն մի քանի երկրորդական բնույթի և ոչ հրատապ հարցերի, այլ նաև կառավարությունը կամ խորհուրդն առ այսօր որևէ ձև, որևէ կերպ չի անդրադարձել նշյալ հարցին. «Պարոն Աբրահամյանին առաջարկում եմ` նման հայտարարություններ անելուց առաջ համապատասխան տեղեկատվությունը ճշտել, ինչը նա հեշտությամբ կարող է անել: Բայց հորդորում եմ նաև, որ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի բարձրաձայնած հարցին Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահը ականջալուր լինի, այն վերցնի իր անմիջական հսկողության տակ և շուտափույտ լուծում տա»,- շեշտեց պարոն Զադոյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ