Մարդիկ երբեմն ասում են` եթե նոտարի թուղթ է` խնդիր չունեմ: Այդ վերաբերմունքը փոխելու համար Արդարադատության նախարարությունը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծ է մշակել: «Այս նախագիծը զգալիորեն փոփոխում է գործող օրենքը: Այսօր արդեն նպատակ ունենք ամբողջական գործող լատինական նոտարիատի համակարգի ունենալ»,- Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:
Արդարադատության նախարարության կազմակերպած «Նոտարական համակարգի զարգացման հեռանկարները Հայաստանում» խորագրով սեմինար-քննարկման մասնակիցները հայտնեցին իրենց կարծիքը և լսեցին նոտարական համակարգի վերաբերյալ միջազգային փորձը:
«Օրենքի փոփոխությունը կնախատեսի նոտարի ամբողջական պատասխանատվություն, նոտարի մոտ մեկ պատուհանի սկզբունքով ծառայությունների մատուցում: Կստեղծի իրավական հիմքեր էլեկտրոնային նոտարական համակարգի գործարկման համար և այլն»,- նշեց Արամ Օրբելյանը:
Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնների (ՇՊԱԿ) ազգային ցանցի զարգացման ծրագրի բարեփոխումների հարցերով մասնագետ Սոնա Հարությունյանի խոսքով` իրենց առաջարկած բարեփոխումները ևս տեղ են գտել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծում: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը 2009, 2011 թվականներին իրականացրել է նոտարական գրասենյակների հասարակական մոնիթորինգ (մշտադիտարկում), որոնց ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ և, դրանց հիման վրա, օրենքում փոփոխությունններ կատարելու առաջարկություններ ենք ներկայացրել»,- ասաց իրավաբան Հարությունյանը:
Առաջիկայում վերամշակված օրենքի շուրջ կլինեն նաև հանրային քննարկումներ: