Երևանյան պատվիրակությունը ավելի մեծ գումար ծախսել է գիշերակացի ու սնվելու համար, քան Արցախին նվիրաբերված գույքի

Ավելի վաղ Իրավաբան.net-ը գրել էր, որ հունիսի 1-3-ը Երևանի էրեբունի վարչական շրջանից պատվիրակություն է մեկնել Արցախ` կրթական և մշակութային կապերի ամրապնդման և փորձի փոխանկման, ինչպեսև տեխնիկական և գույքային աջակցության համար: Եվ Արցախում երկու օր գիշերելու, սնվելու և ճանապարհածախսի համար «Էլիտա ԷՍՎԵ» ընկերությանը վճարվել է 2.9 միլիոն դրամ (ավելի քան 6000 դոլար): Եվ 12 պատվիրակի հաշվով (երկու վարորդը ներառյալ) յուրքանչյուրի համար ծախսը կազմել է 500 դոլար:New Picture

Այս այցի շրջանակներում տարբեր տեսակի գույք էր նվիրաբերվել Արցախին: Մասնավորապես Իրավաբան.net-ի  հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վ. Արևշատյանը պատասխանել է, թե ԼՂՀ Հադրութի շրջանին նվիրաբերվել է համագործակցության կողմերի անվանումներով 4 հատ նստարան և 4 հատ աղբաման՝ ընդհանուր 960 հազար դրամ արժողությամբ:

Դեռևս 2012 թվականին մեծ աղմուկ էր բարձրացել վերոհիշյալ նստարանների գնի հետ կապված. պարզվել էր, որ դրանցից յուրաքանչյուրի համար քաղաքապետարանը վճարում է 165 հազար դրամ: Եվ այս գնով հաշվարկելու դեպքում ստացվում է, որ աղբամաններն էլ ոչ պակաս թանկարժեք են՝ յուրաքանչյուրը 75 հազար դրամ:

Ինչևիցէ, բացի նստարաններն ու աղբամանները, Հադրութի շրջանի աշխատակազմին և շրջանում տեղակայված զորամասերին նվիրաբերվել է 3 հատ հեռուստացույց՝ 480 հազար դրամ արժողությամբ, 1 հատ համակարգիչ՝ 349 հազար դրամ արժողությամբ, 1 հատ պատճենահանման սարք՝ 108 հազար դրամ արժողությամբ, 150 հազար դրամի սպիտակեղեն և 100 հազար դրամի մարզագույք:

Ընդհանուր առմամբ՝ նվիրաբերվել է 2 միլիոն 147 հազար դրամի գույք, այսինքն՝ ավելի մեծ գումար ծախսվել է պատվիրակության սնվելու, գիշերելու և ճանապարհածախսի վրա, քան նվիրաբերված գույքի:

Նշենք նաև, որ մեր նախորդ հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանից պատասխանել էին, որ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը, նրա տեղակալը, ղեկավարի աշխատակազմի քարտուղարը, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետը, կոմունալ տնտեսության և բազմաբնական շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետը, մեկական աշխատակից կրթության, մշակույթի և սպորտի բաժնից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունից և երկու վարորդ:

Իսկ այն հարցին, թե պատվիրակության յուրքանչյուր անդամ ի՞նչ պարտականություններ է ունեցել այցի շրջանակներում և ի՞նչ աշխատանքներ է կատարել, Վ. Արևշատյանը խիստ թերի պատասխան է տվել՝ նշելով, թե նրանք որ ոլորտների համար են պատասխանտու: Պատասխանում անդրադարձ չի եղել նաև պատվիրակության անդամներից ՝ կրթության, մշակույթի և սպորտի բաժնի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության երկու աշխատակիցներին:unnamed (1)

Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ կատարվում են ծախսեր, որոնց արդյունավետությունը, մեղմ ասած, կասկածելի է:

Ա.Կ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ