44-ամյա Տիգրան Մադոյանը ամբաստնյալի աթոռին է հայտնվել ուսանողից կաշառք վերցնելու և դրա դիմաց կուրսային աշխատանքը կազմելու ու բավարար գնահատական նշանակելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ:
Համաձայն մեղադրական եզրակացության` փոխգնդապետ Տ. Մադոյանը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի հրամանով նշանակված է եղել Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի ուսումնական մասի ավագ դասախոսի պաշտոնում:
Ինստիտուտի ռազմական ամբիոնի պետի համապատասխան հրամանի համաձայն նշանակված է եղել «Նախազորակոչային պատրաստություն և ֆիզիկական դաստիարակություն» ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնի 5-րդ կուրսի ուսանողների համար Գյումրու թիվ 29 դպրոցում 2014թ.նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 5-ը նախատեսված մանկավարժական պրակտիկայի ղեկավար-մեթոդիստ:
Տեղեկացված լինելով, որ նշված ֆակուլտետի ուսանող Ռ.Գ-ն պատշաճ կարգով չի հաճախել պրակտիկայի պարապմունքներին, ունեցել է բազմաթիվ բացակայություններ, որոնց արդյունքում ենթակա է եղել անբավարար գնահատականի,իր լիազորությունների շրջանակում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պահանջել է կաշառք:
Մասնավորապես, Ռ.Գ-ի բացակայությունների մասին ինստիտուտի պրակտիկայի բաժին հայտնելու և օրինական ընթացք տալու փոխարեն, նրա պրակտիկայի արդյունքները դրական գնահատելու, կուրսային աշխատանքն անձամբ պատրաստելու և օրագրում համապատասխան գրառումներ ապահովելու համար, 2014 թվականի դեկտեմբերի 8-ին անձամբ Ռ.Գ-ից պահանջել է 60.000 դրամ կաշառք:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: