Ինչպե՞ս է ընտրվելու նախագահը նոր Սահմանադրությամբ

2015 թվականի հուլիսի 15-ին հրապարակված ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը նախատեսում է հանրապետության նախագահի ընտրության նոր ընթացակարգ, որը բնորոշ է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետություններին:

Այսպես, հրապարակված նախագծի 125-րդ հոդվածի համաձայն նախագահն այսուհետ ընտրվելու է ոչ թե ժողովրդի, այլ ընտրիչների ժողովի կողմից: Ընտրիչների ժողովը կազմված է լինելու Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

Ընտրիչների ժողովը գումարվելու է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման իրավունք են ունենալու ընտրիչների ժողովի անդամների առնվազն մեկ հինգերորդը:
Հանրապետության նախագահ է ընտրվելու այն թեկնածուն, ով կստանա ընտրիչների ժողովի անդամների ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե որևէ թեկնածու ձայների նման մեծամասնություն չի ստանա, ապա կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ, որին կկարողանան մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները:

Հանրապետության նախագահ է ընտրվելու այն թեկնածուն, ով կստանա ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին: Եթե որևէ թեկնածու երկրորդ փուլում չի ստանա ընտրիչների ժողովի անդամների ձայների կեսից ավելին, ապա անցկացվելու է քվեարկության երրորդ փուլ, որին մասնակցելու են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվելուէ այն թեկնածուն, ով կստանա առավելագույն ձայներ:

Սահմանված է նաև, որ Հանրապետության նախագահի ընտրության կարգի մանրամասները սահմանվելու են Ընտրական օրենսգրքով: Այսինքն, հրապարակված Սահմանադրության նախագծի ընդունվելու դեպքում սպասվում են էական փոփոխությունների և լրացումների կատարում ընտրական օրենսգրքում:

Ծանոթություն: Հրապարակված Սահմանադրության նախագծի իրավակարգավորումները նախնական են և կարող են փոփոխվել մինչև նախագծի վերջնական տարբերակի ներկայացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել