«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման» մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետևյալ գործունեության տեսակների մասով`
ա) բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցման, պայմանով, որ դրանց դիմաց կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումը հավաստող փաստաթուղթ.
բ) կրպակներում թերթերի և ամսագրերի վաճառքի, պայմանով, որ թերթերի և ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50 տոկոսը: Թերթերի և ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումն իրականացվում է առանձնացված կարգով.
գ) վիճակախաղի տոմսերի վաճառքի.
դ) ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով երթևեկելու համար երթևեկության տոմսերի վաճառքի.
ե) ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական և դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին և աշխատակիցներին սննդով ապահովման.
զ) առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի.
է) ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (ներառյալ` մթնոլորտային տեղումներից պոլիէթիլենային թաղանթով կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային և ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման և վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ և շրջածախ մանրածախ վաճառքի.
ը) գյուղական բնակավայրերի մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառքի.
թ) կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառքի.
ժ) բուսական յուղի և կշռովի բանջարաբոստանային մշակաբույսերի, ինչպես նաև ցիստեռններից (տակառներից) լցնովի գարեջրի և կվասի վաճառքի.
ժա) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման և կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցման.
ժբ) փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի և այլ նշանների) անվանական արժեքով իրացման.
ժգ) նոտարական և փաստաբանական ծառայությունների իրականացման.
ժդ) փոստային և սուրհանդակային գործունեության իրականացման.
ժե) փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման: