29-ամյա տղամարդը մեղադրվում է 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, իսկ հետո նրան ծեծի ենթարկելու մեջ

29-ամյա Հ. Համբարձումյանը ամբաստանվել է այն բանի համար, որ նա 2014թ. հունվար-փետրվար ամիսներին սոցիալական կայքերի միջոցով ծանոթացել է 16 տարին չլրացած Արարատի մարզի բնակչուհի Ն.Գ.-ի հետ: Այնուհետ 2-ից 3ամիս Հ. Համբարձումյանը իրենց տանը, սեռական կրքերին հագուրդ տալով, Ն.Գ.-ի կամքով, պարբերաբար սեռական հարաբերությունների մեջ է մտել նրա հետ:

Բացի այդ, 2014թ. հոկտեմբերի 4-ին նրանց միջև եղել է վիճաբանություն, որի ընթացքում 29-ամյա Հ. Համբարձումյանը ծեծի է ենթարկել աղջկան և նրա առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` կրծքավանդակի շրջանի արյունազեղման ձևով:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դ. Գրիգորյանի նախագահությամբ: Ամբաստանյալի համար խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Հաշվի առնելով ամբաստանյալ Հ. Համբարձումյանի կողմից կատարած արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, սակայն միևնույն ժամանակ հաշվի առնելով նաև պատիժը մեղմացնող հանգամանքի առկայությունը (նրա անկեղծորեն զղջալը), դրական բնութագիրը, նախկինում դատված չլինելը և այլ հանգամանքներ` դատարանը վճռեց որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի 1 ամիս ժամկետով: Միևնույն ժամանակ ՀՀ քր. օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների համաձայն պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Նշենք նաև, որ որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան և քննվել է դատավոր Մ.Պապոյանի նախագահությամբ: Դատարանը վճռել է մերժել բողոքը` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել