Անարդյունավետ ծախսեր և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքներ. սեմինար պետական գնումների ոլորտի հարցերի վերաբերյալ

Եվրոպական Միությունը հետաքրքրված է Հայաստանում պետական գնումների ոլորտում բարեփոխումների հարցերով: Պատճառը երկուսն են. նախ, ՀՀ կառավարության և Եվրոմիության միջև կա համաձայնություն` պետական գնումների ոլորտում չափանիշների համապատասխանեցում կատարելու վերաբերյալ, և երկրորդ` Եվրամիությունը Հայաստանին բյուջետային աջակցություն է ցուցաբերում, որի 17 տոկոսն ուղղված է հենց այս ոլորտին:

Այս մասին  Գավառում կազմակերպված «Կոռուպցիոն ռիսկերը պետական գնումների ոլորտում» խորագրով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տնտեսական խորհրդական Ալեսանդրո Զանոտան: Նա կարևորեց այս ոլորտում հասարակության կողմից վերահսկողությունն ու խորհուրդ տվեց ավելի զգոն լինել այս հարցերին. «Եթե պետական գնումների ոլորտում վերահսկողություն լինի, ապա հասարակությունը դրանից օգոիտներ կքաղի»:

Նշենք, որ քննարկումը կազմակերպվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Եռամյա այս ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության և ԵԱՀԿ-ի կողմից և իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ միասին:

«Պետք է կոտրել այն կարծրատիպը, թե կոռուպցիայի դեմ պայքարը պետության խնդիրն է: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարի նաև քաղաքացիական հասարակությունը»,- իր ողջույնի խոսքում ասաց ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը:  Նա ներկայացրեց ծրագրի հերթական ձեռքբերումները. ուժեղացվել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պետական կառույցների գործունեությունը վերահսկելու հմտությունները, արդեն իսկ տասը հասարակական կազմակերպություն ստացել են դրամաշնորհներ` պետական կառավարման տարբեր բնագավառներում հասարակական վերահսկողություն իրականացնելու համար: Հասարակության համար ավելի հայտնի է դարձել նաև Իրավաբան.net լրատվական կայքի ծրագրային բաժինը, որն ամենօրյա ռեժիմով թարմացվում է, հրապարկվում են կոռուպցիոն հիմնախնդիրների վերաբերյալ վերլուծական, հետաքննական հոդվածներ:

Կարևոր ձեռքբերում է նաև կառավարության հետ համագործակցելու համաձայնության ձեռքբերումը. ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը աշխատելու է արդյունավետ հակակոռուպցիոն մոդելի մշակման և ապօրինի հարստացումը քրեականացնելու հարցի հետ կապված ուղղություններով: 70 հասարակական կազմակերպություններից բաղկացած Հակակոռուպցիոն կոալիցիան այդ աշխատախմբում ներկայացնելու են «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի փորձագետներ Մարատ Ատովմյանն ու Քարլ Ուլբրիխտը:

Ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց միջազգային փորձը` պետական գնումների դեպքում կոռուցպիոն ռիսկերի, անարդյունավետ ծախսերի պատճառներն ու դրանց կանխարգելման տարբերակները: «Եթե առկա է անարդյունավետ համակարգ, գաղտնի համաձայնություն, կոռուպցիա, ապա միջոցների արդյունավետ օգտագործումը չի ապահովվում»,- ասաց փորձագետը: Նա օրինակ բերեց մի դեպք, երբ մի քանի տարի առաջ սեմինարի ժամանակ Գեղարքունիքի դպրոցներից մեկի աշխատակիցը պատմել էր, որ պարտադրված են անհրաժեշտ ոչ մեծ քանակությամբ գրենական պիտույքները գնել միայն Երևանում գտնվող ինչ-որ ընկերությունից. սա վառ օրինակ է միջոցների անարդյունավետ ծախսելու:

Ծրագրի տեղական փորձագետ Մարատ Ատովմյանը խոսեց պետակն գնումների ոլորտի հասարակական վերահսկողության հարցերից: Նրա խոսքով, վերահսկողության նպատակը պետք է լինի պետությանը ստիպել, որ ապահովի օրենքի կիրառումը: Փորձագետը ներկայացրեց բազմաթիվ օրինակներ, երբ հասարակությունը ֆիքսում է խնդիրը և ստիպում պետությանը լուծել այն:

Իրավաբան.net մասնագիտական անկախ կայքի լրագրող Աստղիկ Կարապետյանը ներկայացրեց պետական գնումների ոլորտում տվյալների հետաքննություններ կատարելու գործիքների մասին: Իրավաբան.netում հրապարակված հետաքննական հոդվածների օրինակով ցույց տվեց, թե ինչպես կարելի է վերահսկել պետական գնումները, բարձրաձայնել անարդյունավետ ծախսերի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների մասին:

Ծրագրի ռեգիոանալ համակարգող, փորձագետ Նելլի Հարությունյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզում իրավիճակը. նա իր ելույթում մեջբերումներ արեց ՀՀ վերահսկիչ պալատի  հաշվետվություններից, համաձայն որոնց կոպիտ խախտումներով օտարվել են մանկապարտեզի, դպրոցի շենքեր, անժամկետ վարձակալության տրվել հատուկ կարևորության հողամասեր:

Նշենք, որ քննարկմանը ներկա էին ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ պետական կառույցների` արդարադատության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառ համայնքի ավագանու և  աշխատակազմի ներկայացուցիչներ:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ