Աղջկա հանդեպ անհարգալից վերաբերմունքը սպանության պատճառ է դարձել

26-ամյա Ռոբերտը մեղադրվում է սպանության համար: Ամեն ինչ սկսվել է խնջույքի ժամանակ սկսված վիճաբանությունից:
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, 2012 թվականի հունիսի 8-ին, ծննդյան խնջույքի ժամանակ Արթուրը խնջույքին ներկա աղջիկներից մեկի հանդեպ անհարգալից է եղել, հյուրերից Գրիշան նկատողություն է արել նրան: Վիճաբանություն է սկսել, Արթուրն ու իր ընկեր Վարդանը ծեծի են ենթարկել Գրիշային ու նրա ընկերներին:
Այնուհետև, գործով ամբաստանյալ 26-ամյա Ռոբերտը Գրիշայի և մյուս ընկերների հետ Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում` հանդիպելով այդ պահին ավտոմեքենայով միայնակ երթևեկող Վարդանին, փորձել է պարզաբանումներ ստանալ նախորդած վիճաբանությունների, նաև՝ վերջինիս կողմից իր ընկերներին ծեծի ենթարկելու վերաբերյալ: Զրույցը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Ռոբերտն իր մոտ եղած դանակով հարվածել է Վարդանի կենսական կարևոր օրգաններին: Սրա հետևանքով Վարդանը նույն օրը ` ժամը 23:10-ին հիվանդանոցում մահացել է :
Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ամբաստանյալի համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարանի որոշմամբ գործով նշանակվել է ամբուլատոր դատահոգեբանական փորձաքննություն, որից հետո դատարանը վճռել է ամբաստանյալ Ռոբերտին մեղավոր ճանաչել և պատիժ նշանակել ազատազրկում` 7 տարի ժամկետով:
Որոշումը բողոքարկվել է քրեական վերաքննիչ դատարան` նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ նշանակելու պահանջով: Դատական քննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Զարուհի Մանուչարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել