Կապանում ՔՀԿ-ներն ու քաղաքացիները իրենց պահանջն են ներկայացնում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ

Հունիսի 24-ից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշման չեղարկման պահանջով բողոքի նստացույց կայացավ նաև Կապան քաղաքում` քաղաքապետարանի հարակից զբոսայգում:

Նստացույց իրականացնող քաղաքացիները և ՔՀԿ ներկայացուցիչները քննարկեցին, թե ի՞նչ քայլեր կարելի է իրականացնել ի նշան բողոքի, քանի որ օրակարգային հարցը անմիջականորեն առնչվում է բոլորի և յուրաքանչյուրի հետ: Նստացույցի ժամանակ հավաքվածներին մոտեցան Կապանի քաղաքապետ՝ Աշոտ Հայրապետյանը, այնուհետև Սյունիքի մարզպետ՝ Սուրիկ Խաչատրյանը, որոնք փորձեցին տեղեկանալ, թե ինչի՞ կապակցությամբ է ինքնաբուխ հավաքը: Ակցիայի մասնակիցների կողմից իրենց հավաքի նպատակը ներկայացնելուց հետո, վերջիններս հեռացան, իսկ նստացույցը՝ շարունակվեց:

Հունիսի 25-ին և 26-ին նստացույցին զուգահեռ կազմակերպվեցին իրազեկման երթեր Կապանի Շահումյան, Մուշեղ Հարությունյան, Հունան Ավետիսյան, Մինաս Պապյան, Արամ Մանուկյան փողոցներով: Ակցիաներին մասնակցում է նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղը:

Նստացույցը և իրազեկման երթերը կշարունակվեն մինչև քաղաքացիների պահանջին կտրվի բավարարող պատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել