Կադրային փոփոխություններ ԼՂՀ ոստիկանությունում

ԼՂՀ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կադրային փոփոխություններ կատարվեցին նաև ոստիկանության Մարտունու և Ասկերանի շրջանային բաժիններում: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ոստիկանությունից:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից ստորագրված հրամանի համաձայն՝ ոստիկանության Մարտունու շրջբաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Գրիգորյանը ազատվել է ոստիկանության համակարգից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով, ոստիկանության Ասկերանի շրջբաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջիվան Ղահրամանյանը ազատվել է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Մարտունու շրջբաժնի պետի պաշտոնին:

Շնորհակալություն հայտնելով Վալերի Գրիգորյանին երկարամյա ծառայության համար՝ ոստիկանության պետը շրջբաժնի անձնակազմից պահանջեց համախմբվել նորանշանակ պետի շուրջը և շրջվարչակազմի ու իրավապահ կառույցների շրջանային պատասխանատուների հետ մեկտեղ բոլոր ջանքերը ներուղղել հասարակության լիարժեք վստահությանը արժանանալու, հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու և օրենքի գերակայությունն ու օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքները խստագույնս պահպանելու գործին:

Նույն օրն իսկ ոստիկանության պետը ոստիկանության Ասկերանի շրջբաժնի անձնակազմին ներկայացրեց շրջբաժնի նորանշանակ պետ, ոստիկանության մայոր Սամվել Ասրյանին:

Նախկինում ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Սամվել Ասրյանին բնութագրելով որպես մասնագիտական բարձր պատրաստվածությամբ օժտված ոստիկանի՝ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը պահանջեց անձնվիրությամբ ծառայել պետությանն ու ժողովրդին, անթերի ապահովել հասարակական կարգն ու հասարակության անվտանգությունը, հոգալ և կիսել ժողովրդի հոգսերը՝ հաշվետու լինել ինչպես օրենքի, այնպես էլ սեփական խղճի առաջ:

Ոստիկանության պետի կողմից արժեվորվեց նաև շրջվարչակազմի և իրավապահ մարմինների շրջանային կառույցների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը, որը, ինչ խոսք, նպաստում է հասարակության խնդիրները միահամուռ ուժերով անհապաղ լուծում տալուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել