Փաստաբան Արմինե Հարությունյանն իր բնորոշմամբ որքան անդրդվելի ու համառ է մասնագիտական գործունեության մեջ, նույնքան էլ փխրուն է կյանքում: Ամեն դեպքում, ցանկացած պարագայում նրա համար կարևորն այն է, որ ընտանիքում ամեն ինչ լավ է: Եթե ընտանիքի անդամները լավ են, ապա բոլոր խնդիրները լուծելի են…
-«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները, համաձայն որի` միայն փաստաբանները կարող են դատարաններում որպես ներկայացուցիչներ հանդես գալ, շատ քննարկումների առիթ տվեց: Ինչպիսի˚ն է փաստաբանի կարծիքն այս հարցի վերաբերյալ:
-Ոչ միայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների համաձայն է այս նոր դրույթը մտցվել, այլ նաև Քաղաքացիական օրենսգրքի հունվարի 19-ի փոփոխությունների համաձայն: Դե, քրեական գործերով հասկանալի է, որ փաստաբանություն կարող է իրականացնել միայն փաստաբանը, հիմա նաև` քաղաքացիական գործերով ներկայացուցչությունը: Պրոֆեսիոնալիզմի առումով կարծում եմ` դրական քայլ է, քանի որ շփվել եմ ո’չ փաստաբան, ո’չ իրավաբան ներկայացուցիչների հետ և ստացվում էր այնպես, որ ով գյուղի ճարպիկն էր գալիս էր այդ գյուղից ինչ-որ մեկի ներկայացուցիչ, ու դու բացատրի-բացատրի, միևնույն է, նա չէր հասկանում, թե դու կամ դատարանը ինչ է ուզում իմանալ:
Քանի որ օրենքը հետադարձ ուժ չուներ, նախկինում ունեցած լիազորագրերով իրավաբանները դեռևս շարունակում են մասնակցել քաղաքացիական դատավարությունների: Հետո ասեմ, որ վարչական դատարանում վերցնում են իրավաբանների լիազորագրեր: Դատավորներ կան, ովքեր եթե կարծում են, որ եթե իրավաբանը պրոֆեսիոնալ է և նախկինում էլ այդ դատարանում մասանակցել է դատավարությունների, թույլատրում են հանդես գալ որպես ներկայացուցիչ: Ես պրակտիկայում անձամբ զրուցել եմ դատավորների հետ` մատնանշելով, որ կողմս փաստաբան չէ, ասել են` պրոֆեսիոնալ իրավաբան է: Բայց դե, կան լավ իրավաբաններ ու վատ փաստաբաններ: Ամեն դեպքում, փաստաբան լինելը` զուտ այդ արտոնագիրն ունենալը, բարձր պրոֆեսիոնալիզմի երաշխիք չէ:
-Տեղյակ եմ, որ հիմնականում զբաղվում ենք Եվրոդատարան գանգատներ ուղարկելով: Ո˚րն է եղել վերջին շահած գործը:
-Վերջին շահած գործը Արմեն Պողոսյանի գործն է եղել: Այդ անմեղ երիտասարդը 5.5 տարի բռնաբարության և սպանության հոդվածով ուղղիչ աշխատանքային գաղութում է եղել: Հետո նույն ձևով, նույն հանգամանքներով, նույն փաստերով էլի էր կատարվել բռնաբարություն և սպանություն: Եվ նոր բռնվածը խոստվանել էր, որ նախկինն էլ է ինքը կատարել: Եվ որպես բարոյական վնասի փոխհատուցում` մեր գլխավոր դատախազը Արմեն Պողոսյանին նվիրել է «Կոմս Մոնտե-Քրիստո» գիրքը: Ինչևէ, բարոյական վնասի փոխհատուցման և փաստաբանական ծախսերի համար ՄԻԵԴ-ի կողմից որոշվել է 30.500 եվրո: Պարզվում է, որ մենք հարկատուներս հարկեր ենք վճարում, որ մեր դատավորները, նախաքննական մարմինները սխալներ կատարեն և մեր հարկերը ոչ թե ուղղվեն թոշակների, նպաստների բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, կրթությանը, գիտությանը կամ այլ բնագավառների հարցեր կարգավորելուն, այլ ուղղվեն Եվրոպական դատարանի բավարարած գանագաների վնասների հատուցմանը:
Եվրոդատարան գանգատ Արմեն Պողոսյանի գործով ուղարկել էր մեր փաստաբանական ընկերությունից` Սեդա Սաֆարյանը: Ես այդ գործում ներպետական զարգացումներն եմ արել: Վարույթ ընդունված գործեր հիմա ունենք, օրինակ` Արուսյակ Պետորոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` «Վիզկոն» ՍՊԸ-ի գործով («Վիզկոն»-ի դեմ երկու գործ ունենք): Փետրվարի դրությամբ նոր գանգատներ են գնացել Եվրոդատարան զինվորների գործերով: Գործեր ունենք, որոնք Կոնվենցիայի 29 հոդվածի կարգով, եթե նախադեպեր ունենք, արագ են լսվում:
-Ասում են` աշխարհում ամենադժվար մասնագիտությունը մայր լինելն է: Ի˚նչն եք առավել արժևորում երեխաների դաստիaրակության գործում:
– Ամենաշատը կարևորում եմ սեփական օրինակը: Երբեք երեխադ չի սովորի այն, ինչը դու քարոզում ես, բայց ինքդ չես անում: Երեխաների դաստիարակությունն ամենաբարդ գիտությունն է:
-Ո˚րն է այն խորհուրդը, որը մշտապես տալիս եք Ձեր աղջիկներին և որդուն:
-Մարդ եղե’ք: Ինչ իրավիճակ լինի, ինչ գայթաղկություններ էլ լինեն, մի կորցրեք Ձեր մարդկային դիմագիծը: Միշտ ասում եմ` այնպես չանեք, որ ձեր ազնվությունը, խոսքը կասկածի տակ դնեն:
-Հայտնի մտածողներից մեկն ասում էր` ոչ ոքի չեն հարկադրում ամուսնանալ, բայց յուրաքանչյուր ոք պետք է հարկադրված լինի ենթարկվել ամուսնության օրենքներին, եթե նա արդեն ամուսնացել է: Ի˚նչ հոդվածներ են ամրագրված Ձեր ընտանեկան օրենսգրքում:
-Ընտանիքի գլուխն ամուսինն է: Կինն ամուսնուն օգնող դերն ունի: Հաշվի ենք առնում երեխաների խելացի, հիմնավորված կարծիքները: Շատ ավանդապաշտ ենք: Երեխաներին չի կարելի ինքնագլուխ լինել: Նույնիսկ այն հարցերում, երբ գիտեմ, որ իմ տնօինության տակ են լիովին, ես խորհրդակցում եմ ամուսնուս հետ: Երեկոյան 10-ից ուշ տուն մտնել չկա: Երեխաներին չի կարելի չսովորել: Ես իրենց միշտ ասում եմ` ամեն ինչ ստեղծել ենք ձեզ համար, միայն մի բան եմ պահանջում` սովորեք: Բացարձակ օրենք է մեծերին հարգելը:
-Որտե˚ղ եք սիրում հանգստանալ:
-Քաղաքից դուրս: Ես ու ամուսինս բնավորության որոշակի ընդհանրություններ ունենք կապված հանգստի հետ: Ես էլ, ամուսինս էլ չենք հանգստանում աղմկոտ միջավայրում: Երկուսս էլ սիրում եք միայն մեր ընտանիքով հանգստանալ:
-Գիտեմ, որ Ձեր հոբբին գիրք կարդալն է: Վերջին կարդացած գիրքը ո˚րն է:
-Դե, մասնագիտական գրականություն ամեն օր եմ կարդում: Իմ սեղանի գիրքն «Աստվածաշունչն» է` օրը մեկ տող- երկու տող, բայց անպայման կարդում եմ: Անընդհատ վերընթերցում եմ Շառլոտ Բրոնտեի «Ջեյն-Էյրը»: Վերջերս «Մարիա Ստյուարտն» եմ կարդացել: Շատ եմ կարդում Թումանյանի, Տերյանի ստեղծագործությունները: Շատ եմ սիրում Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը:
-Փաստաբանի աշխատանքի հետ մեկտեղ նաև դասախոսում եք ապագա իրավաբաններին: Նրանց հետ շփվելով, հասկանալով նրանց աշխարհընկալումը, ի˚նչ եք մտածում` ինչպիսի˚ իրավական երկիր ենք ունենալու ապագայում:
-Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում դասավանդում եմ 2000-2001թթ. ուսումնական տարուց: Եվ տարեց -տարի զգում եմ, որ ուսանողության մոտ մարում է սովորելու ցանկությունը: Տարիներ առաջ առաջին կուրս ընդունվողի մոտ զգում էի այն պոտենցիալը, որ հետագայում կարող են լավ մասնագետներ դառնալ` ինքնադրսևորվել: Բայց, այդուամենայնիվ, երիտասարդության մի շերտ կա, որ մի աշխարհ արժի:
-Ըստ The Coucasus Resarch Recource Centers-ի 2011թ.-ի Հայաստանում հաստատությունների նկատմամբ հավատի վերաբերյալ վերլուծության` դատական համակարգին հավատում են հարցվածների միայն 6 տոկոսը, չեն հավատում` 25 տոկոսը: Ինչպե˚ս եք պատկերացնում դատական իշխանության նկատմամբ հավատի և վստահության բարձրացումը:
– Ախր, դատական իշխանությունը պետք է աշխատի, որ իրեն հավատան: Շատ քիչ դատավորներ ունենք, որոնց վստահում են փաստաբանները: Արդարության, անկողմնակալության, դատավորների անկախության և միայն օրենքին ենթարկվելու, կողմերի իրավահավասարության, մրցակցության, անմեղության կանխավարկածի սկզբունքները շատ դատավորների մտքով էլ չի անցնում իրականացնել: Միգուցե պետք է ավելի խիստ պահանջներ դրվեն դատավորների ընտրության հարցում: Պետք է օրենսդիր և գործադիր մարմինները լծակներ չունենան ազդելու դատական իշխանության վրա, մենք գիտենք, որ մեր դատական ակտերը շատ դեպքերում գրվում են հազար ու մի տեղ, բայց ոչ դատարանի խորհրդակցական սենյակում: Պետք է նվազեցնել դատախազության ազդեցությունը դատարանի վրա: Որքան էլ փորձում ենք ասել, որ դատախազությունն այլևս տոտալ հսկողություն չի իրականացնում, իրականում շատ դատավորներ նստում են ու նայում դատախազների դեմքին, թե արդյոք դատախազը գլխով կանի, ոնց կպահի իրեն ու դրանից է կախված` դատարանը քո միջնորդությունը կբավարարի թե կմերժի: Կարող է դու մի 6-7 էջանոց, մի 100 փաստարկով հիմնավորված միջնորդություն ներկայացնես դատարանում, դատախազն ասի անհիմն է` դատարանը մերժի:
-Գերմանացի իրավաբանները հաճախ ասում են, թե յուրաքանչյուր ոք պարտավոր է հետևել ՍԴ-ի որոշումներին, բայց ոչ ոք պարտավոր չէ ճիշտ համարել դրանք: Այս կոնտեքստում ինչպիսի˚ն են Հայաստանի ՍԴ-ի որոշումներն ու դրանց արձագանքները փաստաբանների կողմից` մասնավորապես` Ձեր:
– Ըստ իս՝ Սահմանադրական դատարանը, ի տարբերություն Վճռաբեկ դատարանի, շատ ավելի լավ է իրականացնում իր գործառույթները և իր որոշումները շատ ավելի պատճառաբանված, շատ ավելի իրավաբանական են: Վճռաբեկ դատարանը, լինելով բարձրագույն դատական ատյան, երբեմն չի իրականացնում իր վրա դրված գործառույթները, ինչը չես ասի ՍԴ-ի մասին: Սահմանադրական դատարանը կարծես ինչ որ տեղ լրացնում է Վճռաբեկի վրիպումները, բացթողումները:
Նունե Հովսեփյան