Կրտսեր աղջկաս չընդունեցին աշխատանքի, որովհետև նշանված էր. մարզպետարանի աշխատակից

Կանանց իրավունքները հաճախ խախտվում են գործատուների կողմից. խտրական մոտեցում է ցուցաբերվում կին աշխատողների հանդեպ՝ աշխատանքի ընդունելու, վարձատրության և այլ հարցերում խտրական մոտեցում է ցուցաբերվում. այս մասին ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) Գյումրու մասնաճյուղի համակարգող Գայանե Գևորգյանը՝ «Կանանց իրավունքները» թեմայով Գյումրիում կազմակերպված ուսուցման ժամանակ:

Ուսուցումը կազմակերպվում է  «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»  շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի  կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Գ. Գևորգյանը ներկայացրեց կանանց աշխատանքային իրավունքները, որոնք ամրագրված են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով:

Հաճախ կանայք, ովքեր նույն մակարդակի կրթություն և մասնգիտական հմտություններ, աշխատանքի չեն ընդունվում հենց միայն կին լինելու պատճառով. «Գործատուն չի ցանկանում գիտելիքներ, հմտություններ սովորեցնել, ներդրում անել մի աշխատողի վրա, ով կարճ ժամանակ անց կարող է ֆիզարձակուրդ գնալ»,- ասաց Գ. Գևորգյանը:

Ուսուցման մասնակից, Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լուսինե Գինոսյանն էլ սրա վերաբերյալ բավականին թարմ օրինակ բերեց. իր կրտսեր դստերը չեն ընդունել աշխատանքի՝ պատճառաբանելով, թե նա նշանադրված է:

Քննարկման մասնակիցները աշխատանքային իրավունքների մասին խոսելիս, նշում էին, որ այժմ էլ հանդիպում են դեպքեր, երբ ընտանիքում կնոջը թույլ չեն տալիս որևէ կամ կոնկերտ աշխատանք կատարել՝ կապելով դա բարոյական նորմերի հետ: Լինում են նույնիսկ դեպքեր, երբ արգելում են այս կամ այն մասնագիտությունն ուսումնասիրել: Ներկաներից մեկը նույնիսկ հիշեց, որ շրջապատում այնքան էլ ընդունելի նչեն համարել այն, որ աղջիկը ցանկացել է հոգեբան դառնալ:

ՀԵԻԱ վարչության անդամ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց կանանց վերարտադրողական առողջության իրավունքները, այդ թվում նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքում իրավական խնդիրները:

ՀԵԻԱ իրավախորհրդատու, փաստաբան Մարիամ Զադոյանը սեմինարի ավարտին ներկայացրեց նաև միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորությունները` կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, և կանանց իրավունքների կիրառման գործնական ուղիները:

Նա նշեց, որ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վավերացման մասին կոնվենցիան, որով  ստեղծվել է Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով կոմիտեն: Հայաստանը վավերացրել է վերոնշյալ կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որով նախատեսված է անհատական հաղորդագրությունների ընթակարգ, որը թույլ կտա հաղորդագրություններ ներկայացնել այն անհատների կամ անհատների խմբի անունից, ովքեր հայտարարում են, թե կոնվենցիայի այս կամ այն դրույթի խախտման զոհ են դարձել:

Հիշեցնենք, որ ուսուցումն կազմակերպվել է «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»  շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել