ՔԿՀ ծառայողները չարաշահել են իրենց լիազորությունները

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքում կատարված ստուգումներով պարզվել է, որ փորձաշրջանի մեջ գտնվող երկու դատապարտյալների՝ առանձին օրերին բաժանմունք ներկայանալու մասին անձնական գործերին կցված ժամանակացույցերում առկա տեղեկությունները չեն համապատասխանում ստուգումներով ձեռք բերված տվյալներին, քանի որ տվյալ ժամանակահատվածում նրանք գտնվել են արտերկրում,այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Բացի այդ, դատախազի հաղորդմամբ` դատապարտյալներից մեկի՝ Հայաստանի Հանրապետությունից ավելի քան 30 օր բացակայելու պայմաններում, նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը միջնորդություն չի ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել