Փոփոխություն կալանավորված անձանց և դատապարտյալներին փոխանցել թույլատրվող իրերի ցանկում

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ներկայացրեց մի նախագիծ, ըստ որի` առաջարկվում է փոփոխություն կատարել կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման հավելվածի մեջ:

Այն սահմանում է իրերի, առարկաների ե սննդամթերքի ցանկը, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց և դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով։

Նշված ցանկի 16-րդ կետով սահմանվում են այն իրերը, առարկաները և սննդամթերքը, որոնք կալանավորված անձանց և դատապարտյալներին թույլատրվում է ունենալ իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով, եթե դրանք գնվել են տվյալ կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գործող խանութից կամ կրպակից։

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ նշված առարկաների ցանկում կան իրեր, որոնք քրեակատարողական հիմնարկի խանութում կամ կրպակում ընդհանրապես չեն վաճառվում, օրինակ` հեռուստացույց, ռադիոընդունիչ, մագնիտոֆոն, սառնարան և այլն։ Ավելին ներկայումս բոլոր քրեակատարողական հիմնարկներն ունեն խանութ, իսկ կրպակների հետ աշխատող խանութները հաճախ չեն կարողանում ապահովել ցանկում նշված բոլոր ապրանքատեսակները։

Նախարարն ասաց, որ Գործնականում կալանավորված անձանց և դատապարտյալների համար ստացվող հանձնուքները, ծանրոցները և փաթեթները քրեակատարողական հիմնարկի խանութից ձեռք բերված ապրանքներ չեն, և, ինչպես արդեն նշվեց, քրեակատարողական հիմնարկը այդ ապրանքատեսակները չի կարողանում ապահովել, սակայն դրանք անազատության մեջ գտնվող անձանց համար թույլատրելի ապրանքներ են և քրեակատարողական հիմնարկը այս դեպքում չի կարող մերժել դրանց ընդունումը։

Մյուս կողմից, ըստ պարոն Մանուկյանի, ընդունելով հանձնուքը, ծանրոցը կամ փաթեթը, վարչակազմը չի պահպանում որոշման պահանջը, քանի որ դա քրեակատարողական հիմնարկի խանութից կամ կրպակից գնված ապրանք չէ։

Նախագծի ընդունմամբ վերացվեց այն պայմանը, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին թույլատրելի իրերը, առարկաները և սննդամթերքը պետք է գնվեն միայն քրեակատարողական հիմնարկում գործող խանութից և կրպակից։

Վարչապետը նշեց, որ ցանկից հանվել են համակարգիչները, հետաքրքրվեց՝ արդյոք հիմնավորումները հստա՞կ են, Հովհաննես Մանուկյանն դրական արձագանքեց՝ ասելով, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են համակարգիչներ և դատապարտյալները հնարավորություն ունեն դրանցից օգտվելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել