ՀԵԻԱ-ն  և «Ինթեգրիթի Էքշըն» միջազգային կազմակերպությունը քննարկեցին հակակոռուպցիոն ծրագրերով համագործակցելու հարցեր

Հակակոռուպցիոն և բարեղճության ոլորտի միջազգային հեղինակավոր բրիտանական «Ինթեգրիթի Էքշըն» միջազգային կազմակերպության  գլխավոր գործադիր տնօրեն Ջոյ Սաունդերսը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն այսօր` ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ  քննարկել են համագործակցության և համատեղ ծրագրեր իրականացնելու հարցեր:

Հանդիպման ժամանակ Կարեն Զադոյանը ներկայացնելով ՀԵԻԱ-ի հակակոռուպցիոն գործունեությունը` կարևորելով  հակակոռուպցիոն և բարեխղճության վերաբերյալ ուսուցումը, հատուկ ընդգծել է դպրոցների և բուհերի ուսումնական ծրագրերում նման դասընթացների ներառման անհրաժեշտությունը:

Այնուհետև Ջոյ Սաունդերսը և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Հենրիկ Լիդրոֆը հանդիպում-քննարկում ունեցան քաղաքացիական հասարակության կազմակերպություններից կազմված հակակոռուպցիոն կոալիցիայի անդամների հետ` Բաց կառավարման գործընկերության ծրագրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցության, կրթության ոլորտում հակակոռուպցիոն և բարեխղճության ծրագրերի զարգացման վերաբերյալ:

«Ինթեգրիթի Էքշըն» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթական ծրագրերի համակարգող Հարություն Ալեքսանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ քննարկվել են համայնքային ծրագրերի մոնիթորինգի և կրթության զարգացման բնագավառում ՀԿ-ների մասնակցության վերաբերյալ հարցեր` կապված նոր իրականացվող ծրագրի հետ, որի շրջանակներում հանրակրթական դպրոցների շենքերի սեյսմակայության ապահովման համար շինարակական աշխատանքներ են իրականացվում:

«Հասարակական կազմակերպությունները պետք է օժանդակեն դպրոցներին` կազմակերպելով դասընթացներ ուսուցիչների, բարձր դասարանի աշակերտների և նրանց ծնողների համար` սովորեցնելով շինարակական աշխատանքները վերահսկելու հմտություններ»,- Հարություն Ալեքսանյանը նշեց նաև, որ ուսուցումներ են կազմակերպվելու նաև աշակերտների հետ` հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ