Օպերլիազորը գողության դեպքը թաքցրել է. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազոր Արայիկ Ա.-ն:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Արայիկ Ա.-ն 2014 թվականի դեկտեմբերի 8-ին, տեղեկանալով գողության դեպքի մասին և դեպքի վայր ժամանելուց հետո անձամբ հավաստիանալով դրանում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել կատարված հանցագործության վերաբերյալ տուժողից հաղորդում վերցնելու ուղղությամբ և թաքցրել է չբացահայտված հանցագործության դեպքը հաշվառումից:

Բացի այդ, այլ դեպքերով Արայիկ Ա.-ն կատարել է պաշտոնեական կեղծիքներ` իր ստորագրությամբ հավաստել է տարբեր քաղաքացիներից գույքի գաղտնի հափշտակության բազմաթիվ դեպքերի վայրերի զննության կեղծ արձանագրությունները: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել