ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի և 294-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները, ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների»:
Օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասն էլ ընդգծում է. «Սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց դատաքննության, դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքները վերաբերում են մեկ մեղադրյալի, քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ»:
ՍԴ-ն իր որոշման մեջ անվավեր և հակասահմանադրական է ճանաչել միայն 293-րդ հոդվածի 1-ին մասի՝ «…ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների» դրույթը՝ ընդգծելով, որ այն հակասում է Սահմանադրության 6-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին: