Հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ համատիրության նախագահը կանչում է իր մոտ անդամներին և նշում, թե վարձավճարներն ավելացել են՝ պարտադրելով դրանք մուծել:
Քաղաքացիները իրազեկվածության պակասի պատճատով մտածում են, որ համատիրության նախագահն է որոշում՝ ինչքան գումար գանձել, մինչդեռ համաձայն Համատիրության մասին ՀՀ օրենքի՝ համատիրության կառավարման բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է, և հենց այս ժողովի իրավասությունների շրջանակներում է համատիրության տարեկան հաշվեկշռի հաստատումը:
Համատիրության կանոնադրության համաձայն պետք է հրավիրվի ընդհանուր ժողով: Համատիրության այն անդամը, որը ընդհանուր ժողովին չհրավիրվելու պատճառով չի մասնակցել դրան, իրավունք ունի դատական կարգով բողոքարկել ընդհանուր ժողովի որոշումը:
Համատիրության տարեկան հաշվեկշիռը և բազմաբնակարան շենքի տարեկան բյուջեն հաստատվում է ընդհանուր ժողովում մեկ տարվա համար` հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը, և կարող է տարվա ընթացքում փոխվել միայն ընդհանուր ժողովի որոշմամբ: Այնպես, որ եթե համատիրության նախագահն ամեն տարի ձեզ կանչում է և ներկայացնում ավելացված վարձավճար, ապա բոլոր հիմքերը կան դատական կարգով նրան պատասխանատվության ենթարկելու համար:
Եվս մեկ կարևոր հանգամանք՝ յուրաքանչյուր տարվա համար կառավարիչն ընդհանուր ժողով է ներկայացնում այդ տարվա համատիրության ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև համատիրության հաջորդ տարվա եկամուտները և ծախսերը` տարանջատելով պարտադիր նորմերի պահպանմանն ուղղված ծախսերը:
Ֆինանսական հաշվետվությունը կազմվում է տարվա վերջում, ստորագրվում նախագահի, կառավարչի և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի (վերստուգիչի) կողմից և ներկայացվում ընդհանուր ժողովի հաստատմանը, ինչպես նաև համապատասխան մարմիններ` օրենսդրությամբ սահմանված կարգով: Ուստի համատիրության բոլոր անդամներն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն տեղեկանալ, թե ինչպես են ծախսվել նրանց տված գումարները:
Համատիրության մեջ մի քանի շենք ընդգրկվելու դեպքում ֆինանսական հաշվետվությունը կազմվում է ըստ առանձին շենքերի:
Համատիրությունների խնդրին կանդրադառնանք հունիսի 13-ին՝ «Իրավական շաբաթ» հաղորդաշարի շրջանակներում: