Հայ-իրանական սահմանին կանխվել է թմրանյութի ներկրման փորձ

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները մայիսի 31-ին Մեղրիի մաքսակետում կանխել են թմրամիջոցի ապօրինի ներմուծման հերթական փորձը՝ հայտնաբերելով 10.38 գրամ սև գույնի ափիոնանման զանգված:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որՆՀՎ-ն հետևողական է ոչ միայն առանձնապես խոշոր, այլ նաև համեմատաբար փոքր խմբաքանակներով թմրանյութերի ապօրինի տեղափոխման փորձերի կանխման հարցում: Մասնավորապես նախորդ տարի շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից զատ, վարչության աշխատակիցները ևս 14 դեպքով կանխել են մոտ 3.3 կգ ընդհանուր քաշով տարատեսակ թմրանյութերի ապօրինի տարանցման փորձեր, այդ թվում՝ 150 գրամ ափիոնի, մոտ 470 գրամ հաշիշի, 23 գրամ հերոինի, 2.6 կգ կանեփի, ինչպես նաև մի քանի տասնյակ  հաբերի տեսքով: Շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան՝ ՆՀՎ աշխատակիցները 2015 թվականին ևս 2 դեպքով հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 63 գրամ ափիոնանման զանգված և մեկ դեպքով՝ մոտ 2.2 կգ սպիտակ փոշենման զանգված: Վերջին հայտնաբերումը մայիսի 31-ին էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել