Ոստիկանները լուրջ չեն մոտենում ընտանիքում բռնության ենթարկված կնոջ ահազանգին. իրավաբան

Ընտանիքում բռնության ենթարկված կնոջ խնդիրը հաճախ չի լուծվում ոստիկանություն դիմելուց հետո. «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի Գավառի մասնաճյուղի իրավաբան Իրինա Ասատրյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկաններն այս հարցին լուրջ չեն վերաբերվում.

«Եթե դիմում է ոստիկանություն, ապա կամ կա բռնություն կամ բռնության սպռնալիք իր, իր երեխայի հանդեպ: …Ոստիկաններն էլ լուրջ մոտեցում չունեն այս հարցին, ասում են` դե ընտանիք է, գնացեք հաշտվեք, ինչի՞ ես գալիս բողոքում, թե անհաշտ եք, խնդիրներ ունեք: Զուտ այս անվստահությունն է, որ կինը չի դիմում ոստիկանություն, գալիս է մեր գրասենյակ»,- ասաց Ի. Ասատրյանը:

Նրա խոսքով, խնդրի լուծում կլինի «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը, որի շնորհիվ մեխանիզմներ կմշակվեն բռնությունը կանխելու կամ վերացնելու:

Իրավաբանը նշեց նաև, որ հիմնականում կանայք ընտանիքում բռնության ենթարկվում են ամուսինների և սկեսուրների կողմից, դեպքերի ավելի փոքր տոկոս են կազմում ընտանիքի մյուս անդամների կողմից բռնությունները:

«Ավելի հաճախ դիմում են օգնության հոգեբանական և ֆիզիկական բռնությունների դեպքում, սեռական բռնությունների դեպքում կինը հաճախ ամաչում է, չի ցանկանում բարձրաձայնել»,- նշեց Իրինա Ասատրյանը:

Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում Երևանում և ՀՀ 4 մարզերում 2015 թվականի մայիսի 1-ից քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն՝ կանանց իրավունքների վերաբերյալ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել